«Ամեն րոպե Լարսի ճանապարհը կարող է նորից փակվել». Գագիկ Բեգլարյան
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեց, թե Վերին Լարսում գործընթացներն ինչպե՞ս են ընթանում:
Գ.Բեգլարյանը տեղեկացրեց, որ երեկ երեկոյան բաց է եղել ճանապարհը, այսօրվանից ցերեկային ռեժիմով մեքենաները կանցնեն Լարսով, իսկ 4-5 օրից կանցնեն 24-ժամյա ռեժիմի: «Բայց վտանգը դեռ վերացված չի, սարերի վրա դեռ 5 մլն տոննա սողացող հող կա: Մտածում ենք վերգետնյա թունել կառուցել:
Այս ճանապարհը վտանգավոր է մեզ համար, յուրաքանչյուր անձրևից հետո հնարավոր է մենք ունենանք այս խնդիրները»,- ասաց Գ.Բեգլարյանը` գործարարներին խորհուրդ տալով լաստանավի հնարավորությունն ունենալ աչքի առաջ, քանի որ ամեն րոպե ճանապարհը կարող է նորից փակվել:
«Կարծում եմ` ժամանակն է, որ բանակցենք այլընտրանքային ճանապարհի մասին մտածելու»,- հայտարարեց Հ. Աբրահամյանը:



