«Ընդդիմության «գզվռտոցը» պայքար է ԱԺ տեղերի համար». Արմեն Ռուստամյան

Սահմանադրության փոփոխության արդյունքներն արդեն նկատելի են և առաջիկայում էլ ավելի էական կլինեն: Նման կարծիք 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մասնավորապես, ընդդիմության ներկայիս ակտիվությունը պայմանավորելով հենց սահմանադրական փոփոխություններով, քանի որ հաջորդ ԱԺ-ում մանդատների առնվազն 1/3-ը պատկանելու է ընդդիմությանը:

«Չեն հայտարարում, բայց ընդդիմության այս գզվռտոցը հենց դրանով է պայմանավորված, թե ով է ընդդիմադիրների մեջ ամենաառաջին ընդդիմադիրը»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Թե ՀՅԴ-ն ինչպե՞ս է շարունակելու համագործակցել ՀՀԿ-ի հետ՝ պատգամավորը նշեց, որ իրենց համագործակցության հիմքը Սահմանադրությունն է. «Մեր համագործակցության հուշագիրն է, որի ուղղությամբ շարժվելու ենք առաջ: Մենք հիմնական ուղղությունները համաձայնեցրել ենք, որ հետո չլինի, որ կեսից սկսեցինք մեր սեփական շահից անել, առանձնանալ: Համատեղ խորհուրդը նիստ է արել, այն պետք է ղեկավարի ՀՀ նախագահը, որն արբիտրի դերում է լինելու, այսինքն` հաջորդ հանդիպումները կկայանան «4+4+1» ֆորմատով: Բայց աշխատանքային հանդիպումներ են լինում, միայն խորհրդից՝ խորհուրդ չի, որ աշխատում ենք»:

ՀՅԴ-ի կողմից կոալիցիոն խորհրդի կազմում են Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Սպարտակ Սեյրանյանը և Արսեն Համբարձումյանը, իսկ ՀՀԿ-ի կողմից նախորդ նիստին մասնակցել էին Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը և Վահրամ Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս