Արմավիրի մարզպետարանի ունեցած մեքենաները չեն բավարարում
«Մեր երկիրը ճիշտ ուղիով է ընթանում: Այս երկիրը պետք է կառուցել այնպես, որ մեր բոլորի երեխաներն ու թոռներն այստեղ ապրեն»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Լրագրողները հետաքրքրվեցինմարզպետարանում օպտիմալացման ու կրճատումների գործընթացից, մասնավորապես, թե այդ համատեքստում, ինչ փոփոխություններ են սպասվում մարզպետարանում:
«Մարզպետարանում մենք ուռճացված ծախսեր չունենք: Ինչ վերաբերում է մարզպետարանի ունեցած մեքենաների թվին, դրանք մեզ չեն բավարարում: Ընդամենը 7 հին մեքենա է: Արմավիրն ամենաշատ բնակչություն ունեցող մարզն է, սակայն մարզպետարանն ամենաքիչ աշխատակազմն ունի»,- նշեց մարզպետը:
Աշոտ Ղահրամանյանի խոսքով՝ կրճատումների մասին վարչապետի խոսքը վերաբերում է այն բոլոր պետական կառույցներին, որտեղ ավելորդ ծախսեր կան:
Խոսելով վերջին օրերին քամու և կարկուտի հետևանքով մարզին հասցված վնասի մասին հարցերի մասին, նա նշեց, որ ամեն ինչ զեկուցվել է կառավարության ղեկավարին, վարչապետը եկել է մարզ, տեղում ծանոթացել վնասներին, այժմ ճշտվում է վնասների չափը: