«Մոսկվան բարեկամություն չի անում Ադրբեջանի հետ՝ Հայաստանի դեմ և հակառակը». Վլադիմիր Դորոխին
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինն այսօր Բաքվում ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ռուսաստանի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններին, հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության կայքին:
Ռուս դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի հարաբերությունները երկու երկրների հետ պատմականորեն տարբեր կերպ են դասավորվել և այդ հարցում միահյուսված են էթնիկ, կրոնական ու մշակութային գործոնները:
«Մեծ նշանակություն ունի քաղաքականությունն ու տնտեսությունը: Հայաստանը որոշել է դառնալ Ռուսաստանի ռազմա-քաղաքական դաշնակիցը, մեր երկրի հետ խորը տնտեսական ինտերգրման մեջ է: Ադրբեջանն այլ մոդել է ընտրել՝ գործընկեր՝ առանց ռազմա-քաղաքական ու տնտեսական պարտավորությունների: Թե´ այն, թե´ այս ընտրությունը մենք հարգում ենք: Մենք չենք հակադրում այդ երկրները»,- ասել է Դորոխինը:
Ռուս դիվանագետը նշել է, որ Մոսկվան բարեկամություն չի անում Ադրբեջանի հետ՝ Հայաստանի դեմ և հակառակը: «Դա վերաբերում է նաև Ռուսաստանում երկու երկրների համայնքներին: Չենք ցանկանում, որ Ռուսաստանը դառնա վայր, որտեղ ադրբեջանցիներն ու հայերը ինչ-որ հարցեր են լուծում:
Դրան է ուղղված մեր ողջ պետական քաղաքականությունը: Իսկ երբ ասում են, թե Ռուսաստանում ադրբեջանցիներին վատ են վերաբերվում, քան հայերին, դրանք էմոցիաներ են: Հուսով եմ՝ դրանք երբևէ կանցնեն»,- ասել է նա: