«Հավատացե՛ք, որ Երկրապահը, ձեր հայրերն ու պապերն ամեն ինչ արել են, այսուհետ էլ ամեն ինչ անելու են, որ խաղաղ բացվեն հայոց երկրի արշալույսները». Մանվել Գրիգորյան

Սիրելի՛ շրջանավարտներ.

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի կապակցությամբ: Այսօրվանից դուք մուտք եք գործում կյանքի նոր, ավելի պատասխանատու ու վճռորոշ մի փուլ, որից և սկիզբ է առնելու կյանքի ձեր նոր ճանապարհը: Վստահ եմ, որ ինչ մասնագիտություն էլ ընտրեք, պետության և հայրենիքի համար պիտանի ու արժանի զավակ եք լինելու: Հպարտությամբ եմ խոսում այն տղաների մասին, ովքեր զորակոչվելու են բանակ ու կանգնեն իրենց զինվոր եղբայրների կողքին, հատկապես այս ժամանակահատվածում, երբ հակառակորդին պիտի ցույց տանք մեր միասնական ուժն ու համախմբվածությունը:

Շնորհավորում եմ նաև «Պատանի երկրապահ» կառույցում ընդգրկված բոլոր շրջանավարտներին: Ուրախությամբ պիտի նշեմ, որ այս պատանիները հրամանատարասերժանտական դասընթացների ու դրանք անցկացնող Երկրապահի և գործընկեր կառույցների հմուտ մասնագետների շնորհիվ արդեն կայացած զինվորներ են՝ պատրաստ նվիրվելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:

Հարգելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեր ծնողներին , մանկավարժներին, բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել գիտելիքների ձեռք բերման, առողջ ու հայեցի դաստիարակման գործում:

Առանձնահատուկ շնորհավորում եմ Արցախ աշխարհի շրջանավարտներին ու մանկավարժներին: Դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական շրջանում կարող եք դաստիարակել մի այնպիսի սերունդ, որն արժևորում և արժևորելու է թափված արյունն ու տեր է կանգնելու հերոս տղաների շնորհիվ ձեռք բերված անկախությանը:

Ջերմ շնորհավորանքներս աշխարհասփյուռ հայությանը, օտարության մեջ ապրող հայ երիտասարդությանը, շրջանավարտներին, ովքեր հայրենիքից հեռու գտնվելով էլ պահպանում են իրենց ինքնությունը, մայրենի լեզուն, հիշողության մեջ վառ են պահում սեփական ժողովրդի պատմությունը:

Վստահությամբ եմ ասում, որ դուք այն սերունդն եք, ով ոչ միայն կարող է պահպանել, այլև նոր որակներ հաղորդել մեր ազգային արժեքներին, դուք այն սերունդն եք, ով գիտակցում է, որ հաղթանակի ձեռքբերումը նույնքան կարևոր է, որքան դրա պահպանումն ու գալիք սերունդներին փոխանցումը:

Հավատացե՛ք, որ Երկրապահը, ձեր հայրերն ու պապերն ամեն ինչ արել են, այսուհետ էլ ամեն ինչ անելու են, որ խաղաղ բացվեն հայոց երկրի արշալույսները, որ ոչ մի դեպքում չվտանգվի ձեր լուսավոր ապագան: Ապրիլյան թուրքական սադրանքին հասցված հայկական հուժկու հակահարվածն էլ փաստեց, որ մենք` ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, ի վիճակի ենք երաշխավորել Հայաստանի, Արցախի անվտանգությունը, ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Ինչ ճանապարհով էլ որ քայլեք, հիշե՛ք, որ դուք հաղթանակած սերնդի ժառանգորդ եք, հիշե՛ք, որ անմահ հերոսների՝ ձեզ փոխանցած ազատությունն ու անկախ ապրելու իրավունքը սրբորեն պիտի պահպանեք: Դուք եք լինելու այս երկրի տերը, նոր հաղթանակները դուք եք գրելու:

Եվս անգամ շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով բազում հաջողություններ, արդարացված սպասումներ, մեր երկրին ու սահմանը հսկող զինվորներին՝ խաղաղություն, անկոտրում կամք ու անսահման ուժ և եռանդ:

Այսօրվանից կյանքի նոր հորիզոններ են ձեր առջև բացվում: Հավատացե՛ք ինքներդ ձեզ, ձեր ապագային ու վստահ եղեք, որ ձեր օրն ու կյանքի յուրաքանչյուր փուլը դուք եք կերտում:

Թո՛ղ բարի հնչի դպրոցական վերջին զանգը…

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս