«Աշխարհը պետք է իմանա, որ անպատժելիության գինն անարդարության շարունակությունն է». Միրիամ Զաքին

: ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:

Նախագահի խոսքով, Պողոսյան ընտանիքի օժանդակությամբ շարունակում են ամեն տարի հրապարակավ խրախուսել հիմնարար աշխատանքը, մատնացույց անել լուսավորը, մնայունն ու արժեքավորը:

Սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը նշեց, որ տարիների ընթացքում հիմնադրամը կանգ չի առել և շարունակել է իր գործունեություները` ընդլայնելով այն:

«Մեր ընտանիքն ունի Արևմուտքի և Արևելքի պատմություն: Մանկությունս անցել է Արևելքի երկրներում: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում: Այնտեղ առկա իրավիճակի պատճառով միլիոնավոր մարդիկ փախստական դարձան, հազարները զոհվեցին: Որքան երջանիկ ենք, որ Հայաստանն ապրում է խաղաղության մեջ` վայելելով իր անկախությունը»,-ասաց Ալբերտ Պողոսյանը:

Նրա խոսքով, հայ ազգը պետք է մշտարթուն լինի, որովհետև երկրի շուրջ կա փխրուն շերտ, որը կարող է խաթարել եղած անդորրը: Այդ համատեքստում Ալբերտ Պողոսյանը կարևորեց լավ առաջնորդության հանգամանքը:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար ՀՀ նախագահի մրցանակի արժանացավ ամերիկահայ աշխարհահռչակ գրող Փիթեր Բալաքյանը: Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ Փիթեր Բալաքյանի ստեղծագործությունները ճանաչելի են ամբողջ աշխարհի համար և նա իր գեղարվեստական խոսքի միջոցով Հայոց ցեղասպանությունը, որպես համամարդկային խնդիր, ներկայացնում է աշխարհին: Աշոտ Մելքոնյանն ընդգծեց, որ նրա ֆենոմենը իր իսկ արմատների մեջ է:

Մրցանակը ստանալուց հետո Փիթեր Բալաքյանն իր խոսքում անդրադարձավ սեփական արմատներին: Նա ներկայացրեց 100 տարի առաջ տեղի ունեցած մի պատմություն` կապված իր պապի՝ Գրիգորիս Բալաքյանի հետ:

«Հարյուր տարի առաջ նա վարդապետ էր: Գրիգորիս Բալաքյանն այն 250 մշակութային գործիչներից էր, ով ապրիլի 24-ին Կոստանդուպոլսում ձերբակալվեց: Նա տառապեց, տեսավ սով, սպանություն, բայց դիմացավ իր քրիստոնեական հավատքով, նոր, անկախ Հայաստանի ծնունդի հույսով: Այսօր նրա երազանքն իրականություն է դարձել »,-ասաց ամերիկահայ գրողը: Նրա խոսքով, հայերը դիմացան, հաղթահարեցին դժվարությունները, ծաղկեցին` պահպանելով մշակույթը, հարուստ լեզուն ու գրականությունը, ցնցող ճարտարապետությունը և ունեցան հաջողություններ տարբեր ոլորտներում: Նա ընդգծեց, որ որպես պոետ, որպես գրող դեռ պարտք ունի հայոց գրականության, հայ մշակույթի հանդեպ:

Նույն անվանակարգում Նախագահի մրցանակին արժանացան նաև եգիպտացի գործիչներ Մոհամեդ Հանաֆի Նասրը և Միրիիամ Զաքին` «Ով սպանեց հայերին» վավերագրական ֆիլմի համար: Մոհամեդ Հանաֆի Նասրը նշեց, որ պետք է վերականգնվի արդարությունը և իրենց աշխատանքն ուղղված է դրան:

«Սա Հայաստանն է, այն որդիների հայրենիքը, ովքեր կարողացել են պայքարել, երբ փորձ են արել իրենց սավանով պատել: Այդ որդիները լույս են սփռել աշխարհում: Մենք ստեղծել ենք այս ֆիլմը պատմության դասերը վերականգնելու համար: Արդարությունը չվերականգնելն ամոթի բիծ է մարդկության վրա: Թույլ տվեք խոնարհվել ձեր մեծ պատմության առջև»,-ասաց Մոհամեդ Հանաֆի Նասրը:

Միրիամ Զաքին իր երախտագիտությունը հայտնեց Նախագահի մրցանակին արժանանալու համար: Նա անդրադարձավ եգիպտահայերին` նշելով, որ նրանք հասարակության մի մաս են կազմում:

«Առանց եգիպտահայերի մենք չէինք իմանա Հայոց ցեղասպանության մասին: Արտակարգ ոգեշնչման ուժ է հաղորդում հայ ազգը: Հայաստանում կարելի է գտնել կյանքի իմաստը: Աշխարհը պիտի իմանա, որ անպատժելության գինը անարդարության շարունակությունն է»,-ասաց Միրիամ Զաքին:

Հանրապետության Նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակ է շնորհվել գիտության մշակույթի ոլորտի ներկայացուցիչների: «Նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար Բժշկագիտության բնագավառում պարգևատրվել են Արմեն Մինասյանը, Հրանտ Կալենտերյանը, Իգոր Նալչաջյանը, Շահանե Գևորգյանը և Մարինե Հովակիմյանը: Բժիշկների խմբի աշխատանքը, առաջարկված նոր մոտեցումներն ուղղված են նորածինների շրջանում մահացության ցուցանիշի նվազեցմանը: Լրագրողների հետ զրույցում Արմեն Մինասյանը նշեց, որ վերակենդանացման բաժանմունք տեղափոխված նորածինների 80 տոկոսն ունենում է շնչուղիների խնդիրներ:

«Կիրառվել է բավական նոր մեթոդ բարձր հաճախականությամբ արհեստաական շնչառական սարքի շնորհիվ: Մահացության ցուցանիշների իջեցումը պայմանավորված է նաև նրանով, որ կատարվել են լուրջ կազմակերպչական միջոցառումներ: Մասնավորապես, մեր ուժերով ստեղծվել են երկու ռեանիմոբիլներ: Ի դեպ, ամենագնաց են»,-ասաց Արմեն Մինասյանը: Նա կարևոր համարեց Նախագահի մրցանակին արժանանալը: Նրա խոսքով, յուրաքանչյուր մարդ ցանկանում է գնահատված լինել, իսկ բժշկի համար դա առանձնահատուկ նշանակություն ունի: Արմեն Մինասյանը նշեց, որ ստացված գումարը նպատակ ունեն ներդնել բժշկական ծառայությունների բարելավմանը:

Նախագահի մրցանակին արժանանալը կարևորեցին երիտասարդ արվեստագետները: Արվեստի բնագավառում «Դիցաբանական վարկած» քանդակների շարքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի երիտասարդական մրցանակին արժանացած Սիմոն Պետրոսյանը նշեց, որ յուրաքանչյուր գնահատական թև է տալիս արվեստագետին:

«Ներկայացրել եմ երեք տարբեր քանդակներով մի կոմպոզիցիա: Այն դիցաբանական վարկած է տրոյական թեմայով, կարծում եմ, այն նոր խոսք է: Մրցանակին արժանանալը ոգևորող փաստ է»,-ասաց Սիմոն Պետրոսյանը:

«Ինքնություն» գեղանկարների շարքի համար Նախագահի մրցանակին արժանացավ Նարեկ Բարսեղյանը, ովբարձր գնահատեց նման նախաձեռնությունները:

«Երեք ինքնանկար եմ ներկայացրել, որի շնորհիվ ես այս արարողությանը ներկա եմ: Այս ամենը բավական ոգևորող է, լուրջ խթան է հաղորդում ցանկացած ստեղծագործողի, հատկապես երիտասարդ: Հասկանում ես, որ աշխատանքդ գնահատվում է»,-ավելացրեց Նարեկ Բարսեղյանը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի հիմնումից ի վեր` 2001-2016թվականներին 335 անհատներ և կազմակերպություններ արժանացել են մրցանակի:

Տեսանյութեր

Լրահոս