Պարզվում են ժամկետային զինծառայող Հ.Գևորգյանի սպանության հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։

2016թ. մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետ է ընդունվել ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Արայիկի Գևորգյանը՝ կրծքավանդակի առաջային պատի կտրած ծակած վերք ախտորոշմամբ: Վերջինս, «Մեղրու ԲԿ» տեղափոխվելու ճանապարհին՝ ժամը 15:55-ի սահմաններում, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է քննչական խումբ, ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ զինծառայողի սպանության հանգամանքները պարզելու համար:

Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը վիճաբանություն է տեղի ունեցել Հ.Գևորգյանի և նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայողի՝ շարքային Գ.Կոսոբոգլյանի միջև։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ վերջինս սուր կտրող ծակող գործիքով հարվածել է Հ.Գևորգյանի կրծքավանդակի հատվածին:

Խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու կասկածանքով ժամկետային զինծառայող Գ.Կոսոբոգլյանը մայիսի 26-ին ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս