ՕԴ-2 դիտարկման-տեսագրման օպտիկաէլեկտրոնային համակարգը ներկայացվել է Պաշտպանության նախարարությանը
Վերջին օրերին համացանցում ակտիվ քննարկվում է «Աստրոմափս» ընկերության կողմից ստեղծված ՕԴ-2 դիտարկման-տեսագրման օպտիկաէլեկտրոնային համակարգը: Համակարգի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար 168.am-ը խոսել է «Աստրոմափս» ընկերության տնօրեն Արամ Եդիգարյանի հետ:
Արամ Եդիգարյանը նշեց, որ այնքան էլ չի հասկանում վերջին օրերի անօրինաչափ աժիոտաժը, քանի որ իրենք ոչ մի արտասովոր ու յուրօրինակ բան չեն ստեղծել: ՕԴ-2 դիտարկման-տեսագրման օպտիկաէլեկտրոնային համակարգը ռազմաարդյունաբերության մեջ սովորական նախագիծ է, և դրա շուրջ նման աղմուկն անհասկանալի է:
«Ոչ մի յուրահատուկ սարք չի ստեղծվել կամ յուրահատուկ գաղափար չի կիրառվել: Հաշվի առնելով պահանջարկը՝ սարքը հավաքվել է մեր միջոցներով»,- ասում է նա:
ՕԴ-2 դիտարկման-տեսագրման օպտիկաէլեկտրոնային համակարգը նախատեսված է կարևոր օբյեկտների, այդ թվում՝ պետական սահմանների շուրջօրյա տեսահսկման համար: Այն կարող է արձանագրել այն շարժերը, որոնք կատարվում են շփման գծում: Տեսախցիկները միացված են մոնիտորին, որի միջոցով մարդն է հետևում սահմանային շարժին:
Համակարգի տեխնիկական բնութագիր այպիսին է.
Գիշեր
Մարդու հայտնաբերում- 6 կմ
Մարդու ճանաչում- 4 կմ
Ցերեկ
Մարդու հայտնաբերում-15 կմ
(60 X optical zoom)
«Այս պարամետրերը հիմնական չեն: Պարամետրերը որոշելու է պատվիրատուն՝ ելնելով գին-որակ հարաբերությունից: Սարքը դրվելու է շփման գծից 2 կիլոմետր հեռու: Սա արվում է նրա համար, որպեսզի դիպուկահարները չկարողանան վնասել սարքը:
Սա սարքի ամբողջական տարբերակը չէ: Դեռ շատ մասեր և ֆունկցիաներ է հնարավոր ավելացնել: Դա արդեն պատվիրատուի որոշելու հարցն է»,- նշում է պարոն Եդիգարյանը:
Սարքը ներկայացվել է Պաշտպանության նախարարությանը: Նախարարությունը հետաքրքրություն է ցուցաբերել սարքի նկատմամբ և կքննարկի հավանական տարբերակները:
«Պաշտպանության նախարարությունում իրենց առաջարկված տարբերակներից կընտրեն արդեն, թե որ սարքն են գնելու՝ հաշվի առնելով գինը, որակը, առաջարկվող հնարավորությունները: Մեր գործը ոչ թե անհիմն խոստումներ տալն է, այլ կոնկրետ առաջարկություններ անելը: Առաջարկները շատ են, կարծում եմ, որ նախարարությունում կընտրեն ամենահարմար տարբերակը»,- նշում է Արամ Եդիգարյանը:
Նա չի կարծում, թե ղարաբաղաադրբեջանական շփման գծի լարվածությունը կարող է արգելք հանդիսանալ սարքի աշխատանքի համար:
ՕԴ-2 դիտարկման–տեսագրման օպտիկաէլեկտրոնային համակարգը, ի տարբերություն դրսում արտադրվող նմանատիպ սարքերի, բավականին մատչելի է:
«Հայաստանում մեր ոլորտը շատ ճնշված է: Եթե այս նույն սարքն արտադրվեր Եվրոպայում, ապա ավելի թանկ կարժենար: Եվրոպայում աշխատում են շահույթի համար, և դրա համար մեծ գումարներ են ծախսում: Մենք աշխատում ենք՝ հազիվ ապահովելով մեր աշխատավարձը: Հատկապես նման պայմաններում գեղեցիկ չէ մեր առջև գերշահույթի խնդիր դնելը:
Արտաքին շուկայում, որքան հնարավոր է՝ թանկ կաշխատենք վաճառել մեր արտադրանքը, սակայն դա Հայաստանին չի վերաբերում»:
Անդրադառնալով մամուլում և սոցցանցերում սարքի մասին շրջանառվող խոսակցություններին՝ Ա. Եդիգարյանը նշեց, որ իրենց գործը ոչ թե ենթադրություններ անելն է, այլ աշխատելը: Իրենք արտադրում են սարքավորումներ, առաջարկում են նախարարությանը, իսկ նախարարությունն ընտրում է լավագույն տարբերակը:
Սիրարփի Աղաբաբյան