Բնապահպանության նախարարը՝ Գառնու ծրագրի և վարչապետի հանձնարարականի մասին
«Գառնու ծրագիրը սկսվել է 2012 թվականի կեսերից, բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն անցել է և ստացել է թույլտվություն աշխատանքներն իրականացնելու համար, ինչին էլ մենք ձեռնամուխ ենք եղել. այսօր ունենք հանձնարարական՝ բանակցելու Համաշխարհային բանկի հետ այլընտրանքային լուծումներ գտնելու տեսանկյունից»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ իրենք գտնվում են քննարկման փուլում. «Այն աշխատանքները, ծրագրի մասերը, որոնք մինչև այսօր իրականացվել են, դրանք անտեղի չեն կորելու, ու, բնականաբար, այս պահի դրությամբ, երբ դեռևս վերջնական պայմանավորածություն չկա, դժվար է կանխատեսել՝ ինչ կլինի, կամ մեր այս կանխատեսումը կարո՞ղ է հետագա գործընթացին խանգարել: Խնդրում եմ՝ մի փոքր համբերություն ունենաք, և մենք այս ծրագրի մասով լրացուցիչ տեղեկատվություն կտանք»:
Հարցին՝ կոռուպցիայի դեմ Դուք ինչպե՞ս եք պայքարում, և վարչապետի հանձնարարականը Ձեր վրա ինչպե՞ս է անդրադարձել, Ա. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Հանձնարարականը մենք ընդունել ենք՝ համապատասխան մեքենաների և մնացած առումներով, և, բնականաբար, իմ ղեկավարած գերատեսչությունը՝ իր իրավունքների և պարտականությունների շրջանակներում, իր գործառույթներն է իրականացնում»: