Բաժիններ՝

«Ես ազատության մեջ եմ». Նադեժդա Սավչենկոն արդեն Ուկրաինայում է

Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում 22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոն շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր նպաստել են իր ազատ արձակմանը, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ով բարին էր կամենում ինձ, քանի որ ձեր շնորհիվ ես ողջ մնացի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր ինձ չարն էին կամենում, քանի որ, ի հեճուկ ձեզ, ողջ մնացի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր անտարբեր էին, քանզի չէին խանգարում»,- ասել է Սավչենկոն՝ վերադառնալով հայրենիք:

«Ցանկանում եմ ներողություն խնդրել այն բոլոր մայրերից, ում զավակներն անազատության մեջ են, իսկ ես՝ ազատության: Ես չեմ կարող վերադարձնել մահացածներին, սակայն ես պատրաստ եմ կյանքս զոհել մարտի դաշտում ու ամեն ինչ կանեմ, որ ամեն ոք, ով ազատության մեջ չէ, ազատ արձակվի»,- ասել է Սավչենկոն:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ինքնաթիռ էր ուղարկել Դոնի Ռոստով, Սավչենկոյին Ուկրաինա վերադարձնելու համար: Հենց այդտեղ էլ տեղի էր ունեցել Ուկրաինայում ավելի վաղ ազատազրկման դատապարտված ռուսաստանցիներ Եվգենի Երոֆեևի և Ալեքսանդր Ալեքսանդրովի փոխանակումը նրա հետ:

Պորոշենկոն մինչ փոխանակումը համաներում էր շնորհել վերջիններիս, ում համարում է ռուսական հատուկ նշանակության ջոկատի զինծառայողներ:

Հիշեցնենք, որ Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը ուկրաինացի նախկին զինծառայող, օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր էր ճանաչել 2014թ. ամռանը Լուգանսկում ռուս լրագրողների սպանության ու ՌԴ սահմանն անօրինական կերպով հատելու մեջ ու նրան դատապարտել 22 տարվա ազատազրկման:

Դատական գործընթացն սկսվել էր անցած տարվա սեպտեմբերի 22-ին: Սավչենկոն գրեթե երկու տարի էր, ինչ Ռուսաստանում ազատազրկված էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս