«Հա, կենդանի էին այն ժամանակ, չենք սպանել, այ քեզ բան». Հրանտ Բագրատյան

«Ես կարծում եմ՝ մենաշնորհների վերացումը նշանակում է՝ քաղաքական համակարգի ապակենտրոնացում, նշանակում է ՀՀԿ-ի՝ որպես իշխող կուսակցության, դուրսբերում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Հարցին, թե կոռուպցիայի դեմ պայքարի համար ի՞նչ գործուն քայլեր պետք է անի կառավարությունը, Հ. Բագրատյանն այսպես պատասխանեց. «Քանի՞ հատ ասեմ, հետո էլ՝ հերիք չէ՞ մենք իրենց տեղն ասենք՝ ինչ պետք է անեն, թող իրենք մտածեն՝ ինչ պետք է անեն, էն ա՝ մենք գանք իշխանության, անենք»:

Հ. Բագրատյանը կարծում է՝ միայն իրենց կառավարությունն է աշխատել՝ առանց կոռուպցիոն ռիսկերի: Դիտարկումից, թե՝ բազմիցս ասվում է, որ այս արատավոր համակարգը եկել է Ձեզանից, Ձեր ժամանակներից, Հ. Բագրատյանը բարկացավ. «Ո՞վ է ասում, սուտ են ասում, ո՞վ է եկել ինձանից, ո՞ր մեկի մոնոպոլիան»:

Լրագրողի դիտարկմանը, թե՝ ասում են՝ գործարանների սեփականաշնորհումների հիմքը Դուք եք դրել, Բագրատյանն այսպես արձագանքեց. «Գործարանները սեփականաշնորհել են Ռոբերտի օրոք, իմացեք՝ ում ինչ եք ասում, ես սեփականաշնորհել եմ հողը և փոքր օբյեկտները, իմ սեփականաշնորհածը խեղճ ժողովրդի ձեռքից առել են: Նախ իմացեք՝ ում ինչ եք հարցնում: Ո՞ր մի մոնոպոլիան, ո՞վ է մոնոպոլիա ունեցել Հրանտ Բագրատյան վարչապետի օրոք»:

Լրագրողը շարունակեց՝ այսօրվա օլիգարխները Ձեր ժամանակից են եկել, Հ. Բագրատյանն այսպես պատասխանեց. «Հա, կենդանի էին այն ժամանակ, չենք սպանել, այ քեզ բան. ցանկացած օլիգարխի կարող եք ասել՝ ինքն այն ժամանակ կենդանի է»:

Նա վստահեցրեց, որ ինքը ոչ մի օլիգարխի չի աջակցել. «Ամենահարուստ օլիգարխը ես կլինեի, եթե ինչ-որ մեկին խրախուսեի, էն ա, ինքս կդառնայի օլիգարխ, չեմ դարձել, ուրիշ ո՞ր մի վարչապետը չի դարձել օլիգարխ»:

Տեսանյութեր

Լրահոս