Բաժիններ՝

«Տուալետները, ամբողջ միջանցքն իմ աշխատավարձի հաշվին վերանորոգել եմ». Սերգո Կարապետյան

«Մենք էլ ենք նախատեսում ծախսերի կրճատում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Խոսելով օրերս կարկուտի հետևանքով բերքի վնասների մասին՝ նա նշեց, որ հիմնականում վնասվել են 12 համայնքներ, որտեղ վնասի ծավալները կազմում են 30-80 տոկոս:

Նախարարը, խոսելով նախարարությունում նախատեսվող ծախսերի կրճատման մասին, նշեց, որ 2011 թվականին, երբ ինքը նախարար դարձավ, նախարարության ծախսերը կտրուկ նվազեցին:

«Շատ լուրջ խնայողություններ ենք ունեցել, այս տարիների ընթացքում մենք իջել ենք մի այնպիսի մակարդակի, որ էլ գներն իջեցնելու տեղ էլ չունենք: Մեզ մոտ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցված, այնպես չէ, որ մեզ մոտ կոռուպցիա կա»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ գործուղումներն իրենց մոտ շատ սահմանափակ են. նախարարն առաջին օրվանից միայն էկոնոմ կլասով է գնացել գործուղումների՝ շատ փոքր պատվիրակությամբ՝ մեկ հոգի է ուղեկցել նրան:

«Քանի որ ես ամբողջ կյանքում տնտեսություն եմ ղեկավարել, ամեն ինչի հանդեպ պայքարել եմ, որ խնայողություններ լինեն: Երբ ես եկա նախարարություն, ջղայնանում էի, երբ ցերեկը լույսերը վառ էին թողնում, իմ էությամբ ես այդպիսին եմ»,- հայտարարեց Ս. Կարապետյանը:

Նախարարը նշեց, որ նախարարությունում վերանորոգման ծախսերն արվել են իր հաշվին. «Տուալետները, ամբողջ միջանցքն իմ աշխատավարձի հաշվին վերանորոգել եմ, այն ժամանակ դեռ նոր էի եկել, աշխատավարձ էլ չէի ստացել»:

Ս. Կարապետյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ միշտ էլ «սեղմելու» տեղ կա, կրճատումներ անպայման լինելու են: Հարցին, թե կադրային կրճատումներ նախատեսվո՞ւմ են, նախարարը պատասխանեց, որ ունեն թափուր աշխատատեղեր, որոնք էլ չեն լրացնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս