Բաժիններ՝

Թալիշցիների կենսաթոշակների փոխանցման խնդիրն արդեն լուծված է. պաշտոնյա

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի առավելապես տուժած Թալիշ գյուղի բնակչության խնդիրները գտնվում են Արցախի իշխանությունների ամենօրյա հոգածության ներքո, և առայսօր չկա մի դեպք, երբ նրանք ինչ-որ հարցով դիմել են մեզ և անուշադրության են մատնվել:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության պետ Վահրամ Առաքելյանը:

13288891_1364472820236568_1080480780_n_1

«Արցախի Հանրապետու- թյան վարչապետի գլխավորությամբ ստեղծ- ված օպերատիվ շտաբի կողմից երկու անգամ՝ ապրիլ և մայիս ամիսներին, ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Լենստոն Ղուլյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ էր գործուղվել ՀՀ, որտեղ հանդիպել են Թալիշ գյուղից տարհանված և տարբեր բնակավայրերում ապաստան գտած ընտանիքների հետ: Այդ այցելությունների ընթացքում անմիջականորեն քննարկվել են նրանց մոտ եղած առկա սոցիալական խնդիրները, և դրանց լուծման համար կոնկրետ քայլեր են կատարվել»,- ասաց Առաքելյանը:

Անդրադառնալով թալիշցիներին տրվող կենսաթոշակների խնդրին՝ սոցիալական ապահովության պետական գործակալության պետը նշեց, որ հաշվի առնելով նրանց սոցիալական վիճակն ԱՀ իշխանությունների կողմից առաջնահերթ կերպով փորձ է արվել լուծել այդ խնդիրը, և այսօր այն հիմնականում կարգավորվել է:

«ՀՀ տեղափոխված թալիշցիների կենսաթոշակների փոխանցման հարցը լուծվել է՝ ըստ իրենց փաստացի բնակության վայրերի: Այսինքն՝ նրանք բացել են բանկային հաշվեհամարներ իրենց բնակության մոտ գտնվող բանկերում, և կենսաթոշակներն արդեն մայիս ամսվանից փոխանցվում են այդ հաշվեհամարներին: Ի դեպ, մայիս ամսվա թոշակներն ամսի 17-ից արդեն փոխանցված են, իսկ բոլոր նրանք, ովքեր ապրիլի թոշակը տեխնիկական պատճառներով չեն ստացել, այս ամիս ստացել են մայիս ամսվա կենսաթոշակի հետ միասին»,- ասաց ԱՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան և հավելեց, որ ընթացիկ ամսին կենսաթոշակների բաժանումն առաջինը սկսվել է Թալիշի բնակիչներից: Ինչ վերաբերում է Արցախի տարբեր բնակավայրերում ապաստանած թալիշցիներին, ապա նրանց թոշակների բաժանումը կատարվում է «Արցախփոստ» ընկերության միջոցով: «Մեզ մոտ ճշտված են թե՛ ՀՀ-ում և թե՛ Արցախում ապաստանած թալիշցիների տեղակայման վայրերը, և, ըստ այդմ, մենք կարողանում ենք ոչ միայն օպերատիվ կերպով բաշխել նրանց թոշակները, այլև արձագանքել նրանց տարաբնույթ խնդիրներին»,- ասաց Առաքելյանը՝ ավելացնելով, որ նույն սկզբունքով գործընթացի մեջ է նաև նպաստների բաժանումը:

Վահրամ Առաքելյանը մեզ հետ զրույցում արձագանքեց նաև Չարենցավանում մահացած՝ Թալիշի 88-ամյա բնակիչ Արաքսիա Մարտիրոսյանի վերաբերյալ սոցիալական ցանցերի օգտատերերից մեկի կողմից բարձրացրած աղմուկին՝ նշելով, որ անընդունելի է չշտված ու անհիմն տեղեկությունների տարածումը՝ շահարկելով թալիշցիների սոցիալական կարգավիճակը:

«Արաքսիա տատիկի ապրիլ և մայիս ամիսների կենսաթոշակի գումարը իր հաշվեհամարին փոխանցվել է մայիսի 17-ին: Իսկ հուղարկավորության ծախսերը մասնակիորեն փոխհատուցելու համար, «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքի համաձայն, մահացածի ընտանիքին պետության կողմից տրվելու է 200 հազար դրամ՝ հուղարկավորությունից հետո, երբ արդեն մահացածի ընտանիքը քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնից ստացած լինի մահվան վկայականը»,- ասաց Առաքելյանը և ավելացրեց, որ անբարոյական է բոլոր խնդիրների մեջ կառավարության մեղավորությունը փնտրելը:

Նա հորդորեց լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի օգտատերերին զերծ մնալ նմանատիպ ապատեղեկատվության տարածումից, քանի որ այն միայն ավելորդ լարվածություն է ստեղծում առանց այն էլ տուն ու տեղ կորցծրած թալիշցիների մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս