Ընտրական օրենսգիրքն ընդունվեց
Այսօր Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ` օրակարգում ունենալով 3 հարց` Ընտրական օրենսգրքի, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծերը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ բոլորը նպատակ են դրել, որ ԸՕ շուրջ պետք է ձեռք բերվի կոնսենսուս և, եթե այդ կոնսեսուսը լինի, պետք է արտահերթ նիստ հրավիրվի փոփոխությունները ԸՕ-ում ներառելու համար:
«Ինչպե՞ս է իշխող ուժը պատկերացնում, այնուամենայնիվ, այդ կոնսենսուսի իրացումը, եթե այն ձեռք բերվի»,- հարցրեց Լ.Զուրաբյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին զգուշացրեց չհեռանալ, քանի որ ԸՕ նախագծի և հարակից փաթեթի երրորդ ընթերցմամբ քննարկումից հետո, որը կտևի 5-10 րոպե, պետք է քվեարկություն անցկացվի:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ կատարվել է խմբագրական աշխատանք: Կենսենսուսի վերաբերյալ նա նշեց, որ կարևոր հարց է բարձրացրել Լ.Զուրաբյանը. «Ինչքան լայն կոնսենսուս լինի, այդքան ավելի լավ, այդքան ավելի վստահելի կլինի ԸՕ-ն»:
Դ.Հարությունյանը նշեց, որ պատրաստ են մեկ անգամ ևս վերահաստատելու իրենց հայտարարությունը, որ եթե անգամ հունիսի 1-ից հետո հաջողվի գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք ավելի կլավացնեն ԸՕ-ն, պատրաստ են հրավիրել արտահերթ նիստ և ներկայացնել առաջարկներ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու համար: Դ.Հարությունյանը հույս հայտնեց, որ անպատասխան չի մնա իրենց աշխատանքը:
Լ.Զուրաբյանն արձանագրեց, որ ԸՕ նախագիծն այս վիճակում չի լուծում ԵԱՀԿ առաջարկների, հանրության և քաղաքական ուժերի բարձրացրած որևէ հարց: Նա նշեց, որ դեմ են քվեարկելու այն ըմբռնումով, որ կշարունակվեն աշխատանքները կոնսենսուսի ձեռքբերման ուղղությամբ:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքը ևս դեմ է, քանի որ կարևորագույն հարցեր էր գրել, որ հաշվի չեն առնում, հետո փոշմանելու են:
ԸՕ նախագիծը և հարակից փաթեթը երրորդ ընթերցմամբ ընդունվեց ձայների մեծամասնությամբ, կողմ քվեարկեց 102, դեմ` 17, ձեռնպահ` 3 պատգամավոր: