Բաժիններ՝

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը տարածվել է ՄԱԿ-ում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի կեղծիքների վերաբերյալ տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում և Անվտանգության խորհրդում:

Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել իր պաշտոնական թվիթերյան էջում:

Մայիսի 20-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն էր արել, որում ասվում էր. «Մայիսի 17-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հերթական մտացածին հայտարարություններով` ապրիլի 2-5 մարտական գործողությունների ընթացքում արգելված ռազմամթերքի, մասնավորապես, սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերի ենթադրյալ կիրառման վերաբերյալ։

Շարունակելով միջազգային հանրությանն ապատեղեկացնելու ավանդական արշավը՝ Ադրբեջանը չի խորշում դիմել կեղծիքների և բացահայտ մեքենայությունների։ Իր քարոզչական գործողություններին կշիռ հաղորդելու նպատակովադրբեջանական կողմը փորձում է դրանց մեջ ներքաշել նաև Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին ու ռազմական կցորդներին։

Կեղծարարությունն ու իրականության խեղաթյուրումը վաղուց արդեն կանոնավոր բնույթ են ձեռք բերել և դարձել Ադրբեջանի արտաքին քաղաքականության անբաժան մասը։ Դեռևս 1992 թ. ադրբեջանական կողմը հանդես էր գալիս քիմիական զենքի ենթադրյալ կիրառման մասին համանման մեղադրանքներով, որոնք այն ժամանակ հերքվեցին ՄԱԿ-ի հատուկ փաստահավաք առաքելության կողմից։ ՄԱԿ-ի փորձագետների հետևությունների ու եզրակացություններիհիման վրա, որոնք ներկայացված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1992 թ. հուլիսի 24-ի S/24344 թվակիրփաստաթղթում, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հաստատեց, որ «խմբին չի ներկայացվել քիմիական զենքի կիրառման փաստը հաստատող որևէ ապացույց» ։

Հաջորդած տարիներին ադրբեջանական կողմը հանդես է եկել նույնքան անհեթեթ և չհաստատված մեղադրանքներով՝1993 թվականին Ադրբեջանի դեմ միջուկային զենքի կիրառման և ԼՂՀ-ում միջուկային թափոնների թաղման (ԵԽԽՎ 2002 թ. մայիսի 7-ի N 9444 փաստաթուղթ), Հայաստանն ու ԼՂՀ-ն բակտերիոլոգիական զենքի բազայի վերածման (ԵԽԽՎ 2002 թ. հունվարի 31-ի N 9336 փաստաթուղթ), թմրամիջոցների աճեցման ու արտադրության և այլնիվերաբերյալ։ Ընդ որում, ադրբեջանական կողմը վկայակոչում էր գոյություն չունեցող գիտական հանդեսներ, զեկույցներ, կազմակերպություններ և լաբորատորիաներ։

Վերակենդանացնելով հին հերյուրանքները՝ Ադրբեջանը ոչ միայն փորձում է արդարացնել ուժի կիրառման և 1994-1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերի լիակատար ու անշեղ պահպանումից (ինչը պնդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները) հրաժարվելու իր քաղաքականությունը, այլև նպատակ է հետապնդում շեղելուշադրությունը ԼՂՀ զինծառայողների ու խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բանակի իրագործած իրական ռազմական հանցագործություններից։

Այս կապակցությամբ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ առավելագույնս քննադատաբար մոտենալ ադրբեջանական կողմի այդօրինակ մերկապարանոց պնդումներին։

ԼՂՀ-ն իր հերթին պատրաստ է ընդունել հատուկ դիտորդական առաքելություն՝ տեղում բոլոր փաստերն ուսումնասիրելու և ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հանգամանքներն ու դրա ընթացքում իրագործված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները հետաքննելու համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս