«Թուրքիան չպետք է միջամտի ղարաբաղյան հակամարտությանը, չնայած Ադրբեջանը դա է ցանկանում». Ջենգիզ Աքթար
«Արևմուտքը պետք է փոխի իր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը` անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների վերջին բռնի գործողություններին ու հայտարարություններին:
Նա նշեց, որ Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը, որը ժամանակի ընթացքում շատ ավելի ապակառուցողական է դառնում, մեծ վտանգի տակ է դնում Թուրքիայի ԵՄ անդամակցության հեռանկարը: Դա, ըստ նրա, կարող է ամբողջությամբ տապալվել, ինչը կարող է կործանարար լինել Թուրքիայի համար, քանի որ Թուրքիա-ԵՄ տնտեսական կապերը` ներմուծում, արտահանում, ներդրումներ, բավականին խորն են:
Նա նշեց, որ Եվրոպան Թուրքիայի ամենախոշոր ներդրողներից է, ԵՄ անդամակցության գործընթացից հրաժարվելը կնշանակի՝ հրաժարվել եվրոպական ներդրումներից: Այսինքն, նրա համոզմամբ, դա կունենա սոցիալական հետևանքներ ևս և կանդրադառնա հասարակության կյանքի որակի վրա, ինչն էլ ավելի է սրելու երկրի ներսում առկա տրամադրությունները: Ավելին, Աքթարի հավաստիացմամբ՝ շարունակում են ոտնահարվել երկրում ապրող փոքրամասնությունների իրավունքները, որի հետևանքով տեղահանվածների թիվը գնալով աճում է, հանվում է պատգամավորների նկատմամբ անձեռնմխելիությունը:
«Ուստի, իմ կարծիքով` Արևմուտքը պետք է լուրջ ուշադրության և ճնշումների տակ պահի Թուրքիային, ինչպես և Ռուսաստանին, քանի որ այս երկու երկրները ղեկավարում են նույնանման ձգտումներ ու հավակնություններ ունեցող լիդերներ, բայց դեռ նման քայլեր չենք տեսնում, քանի որ կա փախստականների հարցը, որը կարծես Թուրքիայի նկատմամբ քաղաքականության հնարավորությունները սահմանափակում է: Եթե ԵՄ-ի հետ անդամակցության գործընթացը շարունակվի, ապա Թուրքիան ստիպված կլինի մի քանի հարց լուծել, այդ թվում՝ կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, բայց այդ գործընթացը շատ հեռու է»,- նկատեց Ջենգիզ Աքթարը:
Անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերություներին ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` ղարաբաղյան հակամարտությանն առնչվող գնահատականներին` Աքթարն ասաց, որ Էրդողանն իր քաղաքականությամբ սահմանափակել է նաև իր արտաքին քաղաքականությունը: Ըստ նրա` Թուրքիան այսօր ունի միայն 3 արտաքին քաղաքական գործընկեր, որոնցից մեկն Ադրբեջանն է: «Այն բոլոր հայտարարությունները, որոնք եղան ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո, տեղավորվում են թուրք-ադրբեջանական ներկայիս հարաբերությունների կոնտեքստում:
Առավել ևս այսօր էրդողանը չի ցանկանա կորցնել Ադրբեջանին՝ որպես ռազմավարական գործընկեր, հատկապես, երբ նաև կախված է Ադրբեջանից մի շարք ոլորտներում: Սակայն մտածել, որ Թուրքիան կմիջամտի իրավիճակին Ղարաբաղում՝ սխալ կլինի, դա փորձում է անել Ադրբեջանը, բայց Թուրքիայի իշխանությունները չպետք է միջամտեն այս հակամարտությանը, քանի որ դա շատ ռիսկային կլինի: Նրանք արդեն գործում են մի քանի ճակատներով` քրդերի դեմ, Սիրիայում, սա արդեն լուրջ արտաքին և ներքին խնդիրներ է առաջացրել Թուրքիայի համար, ինչպես տեսնում եք՝ նաև էլիտայի շրջանում»,- ասաց Աքթարը: