Ինչ գործի շրջանակներում են ձերբակալվել Գագիկ Բեգլարյանի թիկնապահները
Armtimes.com-ը երեկ գրել էր, որ նախօրեի գիշերը ձերբակալվել են ՀՀ տրանստպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից 168.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Դատախազությունից հայտնեցին, որ քրեական գործի շրջանակներում կան ձերբակալված և կալանավորված անձինք: Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների և երկու եղբայրների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք: Armtimes.com-ի տեղեկություններով, քրեական գործի շրջանակներում ձերբակալվածների թիվը հասել է վեցի, որոնցից 4-ը Գագիկ Բեգլարյանի թիկնապահներն են, երկուսը՝ այլ անձինք:
Հավելենք, որ ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Գագիկ Բեգլարյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդուն՝ գործարարությամբ զբաղվող 25-ամյա Սերգեյ Աբովյանին, որը մի քանի հայտնի խանութներ ունի՝ «Goodlife», «Gallery of Brands»: Վիճաբանությունը ծագել էր մեքենային ճանապարհ չզիջելու համար, վեճը վերածվել էր թեժ ծեծկռտուքի, 25-ամյա Աբովյանը բազմաթիվ մարմնական վնասվածքներ էր ստացել, սակայն հիվանդանոց չէր դիմել եւ դեպքը իրավապահները չէին գրանցել: