EgyptAir-ի ինքնաթիռի զոհերի աճյունների փորձաքննությունը վկայում է պայթյունի մասին. ԶԼՄ-ներ
EgyptAir-ի ինքնաթիռի զոհերի աճյունների փորձաքննության արդյունքները վկայում են, որ ինքնաթիռում պայթյուն է որոտացել: AP գործակալության հետ նման կարծիք են հայտնել եգիպտական ծառայությունների ներկայացուցիչները, որոնք մասնակցել են ավիաաղետի զոհերի աճյունամասերի զննությանը:
Աղբյուրի խոսքով՝ Կահիրեի դիահերձարան ավելի վաղ տեղափոխվել է աղետի զոհերի 80 մարմնամաս: Վնասվածքների բնույթը վկայում է այն մասին, որ մարդկանց մահվան պատճառը եղել է ուժեղ պայթյունը, ենթադրում է եգիպտական ծառայությունների ներկայացուցիչը:
«Այնտեղ չկա ոչ մի մարմնամաս, որը ամբողջությամբ պահպանված լիներ»,- ասել է աղբյուրը: Նրա կարծիքով՝ «այդ փաստի տրամաբանական բացատրությունը այն է, որ ինքնաթիռում պայթյուն է եղել»:
Միևնույն ժամանակ, ըստ Reuters-ի աղբյուրների, մարմինների վրա դեռ պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերվել: