«ԱԺ որևէ փոխնախագահ կամ հանձնաժողովի նախագահները չեն օգտվել «բիզնես կլասի» տոմսերից». Հրայր Թովմասյան
Ազգային ժողովն ինքնուրույն կառույց է, ու գործադիր իշխանության ասածները Ազգային ժողովի համար չեն: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը՝ խոսելով իրենց աշխատակազմում կատարված և կատարվելիք կրճատումների մասին:
Նա նշեց, որ մինչ այժմ էլ իրենք աշխատել են հնարավորինս խնայողաբար օգտագործել իրենք ռեսուրսները: «Երբեմն ինքս եմ անհարմար վիճակի մեջ հայտնվում, երբ խնդրում եմ պատգամավորին, որ եվրոպական երկիր մեկնի ոչ թե մեկ կանգառով, այլ որևէ այլ քաղաքի միջոցով, որովհետև տոմսերի գները երբեմն 30, 40, 50 տոկոսով տարբերություն է տալիս: Հասկանում ենք, որ անհարմարություններ են ստեղծվում, բայց դրանք միշտ են կատարվել, ԱԺ որևէ փոխնախագահ, կամ հանձնաժողովի նախագահներ չեն օգտվել այսպես կոչված «բիզնես կլասի» տոմսերից: Դուք կարող էիք տեսնել հանձնաժողովների նախագահներին՝ 15, 16 տեղերում նստած»,-նշեց նա:
Հ. Թովմասյանի խոսքով՝ երբեք ինքնանպատակ չպետք է լինի կառուցվածքում կրճատումներ կատարելը, պետք է հասկանանլ՝ ինչ խնդիր են դնում, և այդ խնդրի լուծման համար ինչ քայլեր են պետք. «Այդ կրճատումները աշխատում ենք սահուն անել: Ասենք, ինձ համար բավականին դժվար է անգամ մեկ տեխնիկական աշխատողի՝ լինի այգեպան, հավաքարար, աշխատանքից ազատելը, նույնիսկ այն դեպքում, երբ նա նույնիսկ 80 տարեկանի մոտ է, բայց նա խնդրում է իրեն աշխատանքից չազատել, որովհետև սոցիալական վատ վիճակում է:
Կտուկ փոփոխությունները այդ մարդկանց համար խնդիր կարող են առաջացնել: Չեմ բացառում, որ տարվա վերջին մենք կաշխատենք առավել ինտենսիվ անցկացնել ատեստացիաները բոլոր ծառայողների, և այնտեղ լինեն մարդիկ, որոնք չեն անցնի, այդ հաստիքները նույնպես կփորձենք կրճատել»:
Հարցին` կարո՞ղ ենք ասել, որ գործադիրի որոշումը սոցիալական բեռն ավելացնելու է՝ հաշվի առնելով, որ այդ կրճատումների արդյունքում գործազրկության մակարդակը ավելանալու է, Հ. Թովմասյանն այսպես պատասխանեց. «Անշուշտ, եթե ֆորմալ առումով նայենք, այո: Բայց ի՞նչ եք առաջարկում, պահե՞լ ավելորդ հաստիքներ միայն այդ նպատակով, երբ ինքն էլ չունի անելիք»: