«Դիրքերի տեղաշարժը երբևիցե չպետք է վախեցնի մեզ». ՀՀ պաշտպանության նախարարը՝ 800 հեկտար տարածքի կորուստի մասին

Հրադադարի ռեժիմը հարաբերականորեն պահպանվում է: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ վերջին օրերին սահմանում կրակոցները նվազագույնի են հասել՝ նույնիսկ երկու տասնյակ են եղել:

«Կարծում եմ՝ Պաշտպանության բանակի ողջ անձնակազմը տիրապետում է իրավիճակին, շաբաթ օրը եղել եմ ԼՂՀ-ում ու տեսել եմ, որ և՛ մարտական հոգին, և՛ կատարվող աշխատանքը տեղին են»,- նշեց նախարարը:

Խոսելով հայկական կողմի՝ 800 հեկտար տարածքի կորուստի մասին՝ նախարարն ասաց, որ և՛ ԼՂՀ ղեկավարությունը, և՛ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փոխադարձ համագործակցության շրջանակներում բոլոր խնդիրները քննարկում են. «Այդ տարածքներում դիրքերի դասավորվածությունն այնպիսին է, որ վերահսկողությունը Պաշտպանության բանակի ստորաբաժանումների մոտ է, և այդ ամենը մեր մարտական խնդիրների շրջանակներում են: Մարտական գործողությունների արդյունքում միշտ դիրքերի տեղաշարժ լինում է, և այդ դիրքերի տեղաշարժը երբևիցե չպետք է վախեցնի մեզ: Պաշտպանության բանակն իր առջև դրած խնդիրն այս մարտական գործողությունների ժամանակ կատարել է»:

Ի պատասխան հարցին, թե թալիշցիները ե՞րբ կարող են վերադառնալ, Ս. Օհանյանը հորդորեց այդ հարցերը տալ ԼՂՀ ղեկավարությանը. «Հիմա Թալիշում անվտանգ է, համապատասխան պայմաններ պետք է ստեղծվեն, որ վերադառնան: Հրադադարի ռեժիմը հարաբերական պահպանվում է, կարծում եմ՝ դա պայմաններ է ստեղծում ԼՂՀ ղեկավարության համար, որպեսզի իրենք աշխատեն, պայմաններ ստեղծվի, որ այդ հրետակոծություններից հետո ժողովուրդը վերադառնա»:

 

Տեսանյութեր

Լրահոս