«Այնպիսի տպավորություն է, որ ուզում ենք ռմբակոծել, բայց այդպես չի». թեժ քննարկում՝ ԱԺ-ում
Այսօր Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բուռն քննարկում ծավալվեց արտաբյուջեների հետ կապված: Պատգամավորները հարց բարձրացրին արտաբյուջեները խորհրդարանական կարգով հաստատելու մասին: Այդ պահին նույնիսկ եղանակը կտրուկ վատացավ ու փոթորկվեց:
«Եղանակն էլ չի դիմանում արտաբյուջեին»,- նկատեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը խնդրեց ՃՈ-ի արտաբյուջեին վերջին պահին անդրադառնալ, քանի որ սարք-սարքավորումները ձեռք են բերվում արտաբյուջեի հաշվից, այլապես ծանր կացության մեջ կհայտնվի ՃՈ-ն:
Պետք է ունենալ կարգուկանոն և գործընթացը պետք է կարգավորվի: Արտաբյուջեն ոնց որ արտակարգ իրավիճակների, բարդ իրավիճակների համար է: Պետք է ձերբազատվենք արտաբյուջեներից»,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքյել Մելքումյանը:
«Խաղաղաթղթերը ձեր ձեռքում են: Էդ դեպքում դիտեք ամեն ինչը հավասար պայմաններում և ոստիկանությունը ամենավերջում»,- հորդորեց Վ.Եղիազարյանը:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե որքա՞ն է եղել արտաբյուջեն նախքան տեսանկարահանող սարքերի տեղադրումը: Նա նշեց, որ իր տեղեկություններով ՃՈ մասով արտաբյուջեն շատ փոքր է եղել, իսկ ժողովրդից հավաքագրվող գումարի մեծացմանը զուգընթաց մեծացել է նաև դժգոհությունը. «Ինչքան եկամուտը ավելանում է, այնքան ծախսերն են ավելանում: Ուզում ենք հասկանալ` մինչև ո՞ւր է գնալու: Ի՞նչ ծառայություն է ստանում վարորդը այդ վճարների դիմաց»:
Է.Մարուքյանը նշեց, որ Վանձորի ճանապարհին 3 կմ-ի վրա 3 ոստիկանական մեքենա է հանդիպել: Ըստ նրա` դա ուղղակի հարկ է վարորդների համար, որ ոչ մի լավ արդյունք չի տվել, մահեր ու դեպքերն էլ ավելացել են:
Վ.Եղիազարյանը նկատեց, որ մինչև 2010 թ-նն իրենց ավելի լավ էլ բյուջետավորում էին: Նա վստահեցրեց, որ մտահոգությունը հասկանում ու կիսում է և այս ուղղությամբ ամենօրյա աշխատանք է գնում: Ըստ նրա` արագաչափերի տարեկան միջինացված թիվը 2014-ին եղել է 122, 2015-ին` 169, իսկ որոշումները 2014-ին` 600, 2015-ին` 542, կամ ամսական համապատասխանաբար` 410 և 268:
«Այնպիսի տպավորություն է, որ ուզում ենք ռմբակոծել, բայց այդպես չի, շատերը լավ էլ ֆիքսել են սարքերը ու հենց անցնում են, ոտքը դնում են գազին: Կա նվազման միտում, կա օրենսդրական փոփոխությունների միտում, բայց սա հասարակության համար ամենահնչեղ հարցն է»,- ասաց փոխոստիկանապետը:
Է.Մարուքյանը նկատեց, որ թեև ակտերի թիվը նվազել է, բայց տուգանքների ծավալն ավելացել է, և տեսանկարահանող սարքերը կրակելով ու քաշել գցելով ոչնչացնելը մտահոգիչ ազդակ է: