«Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի օրինակը գնահատվել է 3 մլն դոլար
Լյուիս Քերոլի «Ալիսայի արկածները հրաշքների աշխարհում» գրքի հազվագյուտ առաջին հրատարակությունը կարող է դառնալ աշխարհի ամենաթանկ մանկական գիրքը. փորձագետները դրա արժեքը գնահատել են 2 մլն ֆունտ ստեռլինգ (գրեթե երեք մլն դոլար), հաղորդում է The Oxford Times-ը: Գիրքը ներկայացվելու է Chris tie’s-ի աճուրդում, որը կանցկացվի հունիսի 16-ին Նյու Յորքում:
Այն գրքի առաջին տպաքանակի 22 պահպանված օրինակներից մեկն է: Քերոլն (իսկական անունը Չառլզ Լյութվիջ Դոջսոն) այն նվիրել էր Ջորջ Ուիլյամ Քիթչինին՝ Քրայսթ-Չերչ քոլեջից իր ընկերոջը: Գիրքը 150 տարեկան է, բայց այն հիանալի վիճակում է:
«Ալիսայի արկածները հրաշքների աշխարհում» գրքի առաջին տպաքանակը հրատարակվել է 1865 թվականին Օքսֆորդի համալսարանի տպարանում: Նկարազարդող Ջոն Թենիելը դժգոհ է եղել տպագրության որակից, եւ գրքի թողարկումը դադարեցվել է: Գրքի նմուշային թողարկման 50 օրինակների մի մասը գրողը նվիրել է իր ծանոթներին, մյուս մասը, ինչպես ենթադրվում է, տրվել է մանկատներին: Ներկայում 16 գրքեր գտնվում են Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի գրադարաններում ու ինստիտուտներում, իսկ վեցը՝ մասնավոր անձանց ձեռքում է:
The Economist-ի գնահատմամբ՝ աշխարհում ամենաթանկ գիրքը համարվում է «Ամերիկայի թռչունները» շարքի հրատարակություններից մեկը, որը 19-րդ դարի կեսերին թողարկվել է ամերիկացի նկարիչ եւ նատուրալիստ Ջոն Օդյուբոնի կողմից: 2010 թվականին այն Christie’s-ում վաճառվել է 11,5 մլն դոլարով (միջնորդավճարի պահումից հետո՝ 10,3 միլիոն դոլար): Թանկարժեք հրատարակությունների տասնյակում են նաեւ 15-րդ դարի կեսերին Գութենբերգի կողմից տպագրված Աստվածաշունչը (4,9 մլն դոլար) եւ Չոսերի «Քենթերբերյան պատմվածքների» 1478 թվականին օրինակը (7 միլիոն դոլար):