Ադրբեջանը «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդին մեղադրում է սպանություն կատարելու մեջ
«Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Տալե Բագիրզադեին Ադրբեջանի հետաքննությունը ներկայացրել է ծանր մեղադրանք՝ կանխամտածված սպանություն (Ադրբեջանի ՔՕ 120 հոդված) և զենքի անօրինական կրում (հոդված 228):
Այս մասին Turan գործակալությանը հայտնել է վերջինիս փաստաբան Ջավադ Ջավադովը:
Ինչպես հայտնել է փաստաբանը, Բագիրզադեն մեղադրվում է սպանության և 2015թ. նոյեմբերին Նարդարան ավանում անցկացված հատուկ օպերացիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցներին վնասվածք հասցնելու մեջ:
Ավելի վաղ ադրբեջանական իշխանությունները «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդին մեղադրել էին զանգվածային անկարգությունների հրահրման, իշխանությունը գրավելու կոչերի, անօրինական խմբավորումներ ձևավորելու, պետության դեմ հրապարակային ելույթների, ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու մեջ: