Բաժիններ՝

Միջերկրական ծովում դեռ շարունակում են որոնել աղետի ենթարկված A320E-ի բեկորները

Միջերկրական ծովում շարունակվում են եգիպտական EgyptAir ավիաընկերությանը պատկանող А320 ինքնաթիռի բեկորների հայտնաբերման աշխատանքները, որը կործանվել էր նախօրեին՝ Կահիրեի օդանավակայանում վայրէջք կատարելուց քիչ առաջ, հայտնում է BBC-ն:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են Եգիպտոսի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Իտալիայի և ԱՄՆ-ի նավերն ու ավիացիան:
Երեկ երեկոյան Եգիպտոսի նախագահ Ֆաթթահ աս-Սիսին կոչ էր արել ինտենսիվացնել որոնողական աշխատանքները:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, թե Հունաստանի ափերին հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորներ, որոնք պատկանում են կործանված ինքնաթիռին, սակայն հույն փորձագետները նշում են, որ դեռևս չկան ապացույցներ, որ խոսքն իսկապես եգիպտական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի մասին է:

Ինչպես երեկ հայտարարել էր Եգիպտոսի քաղավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհին, աղետի բոլոր հնարավոր պատճառների թվում առավել հավանականն ահաբեկչության վարկածն է, սակայն մյուս վարկածները ևս չեն հերքվում: Երկրի իշխանությունները հաստատում են, որ ինքնաթիռի կործանման իրական պատճառը հայտնի կդառնա միայն բեկորները հայտնաբերելուց հետո:

Հիշեցնենք, որ MS804-ն ուղևորվում էր Փարիզից Կահիրե: Այն դուրս է եկել Ֆրանսիայի մայրաքաղաքից կենտրոնաեվրոպական ամառային ժամանակով ժ. 23:09-ին:
Ճշտված տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է 66 մարդ՝ 56 ուղևոր (ներառյալ՝ 3 երեխա), անձնակազմի 7անդամ, սպասարկող թիմի 3 ներկայացուցիչ:
Ինքնաթիռն անհետացել է ռադարներից՝ Եգիպտոսի օդային տիրույթում անցնելով 16 կմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս