Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին
Այսօր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Պաշտպանի ինստիտուտի եւ ԵԽ երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցության օրակարգին եւ առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերն անդրադարձել են ազատությունից զրկման վայրերում վատ վերաբերմունքի կանխարգելման, այդ վայրերում բուժօգնության կազմակերպման հարցերում համատեղ համագործակցությանը, ինչպես նաեւ քննարկել են ընտանեկան բռնության կանխարգելմանն առնչվող հարցեր:
Տիկին Վուտովան, կարեւորելով իրավունքների եւ ազատությունների ապահովման գործում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը, պատրաստակամություն է հայտնել շարունակել եւ ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը:
Պաշտպան Արման Թաթոյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի դերն ու իրականացրած աշխատանքները, ինչպես նաեւ հայտնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու եւ փոխգործակցելու իր պատրաստակամությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ