Կործանված ինքնաթիռում կարող էր ահաբեկչություն տեղի ունեցած լինել. Եգիպտոսի ավիացիայի նախարարություն
Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունը EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռի կործանման հարցում դիտարկում է նաև ահաբեկչության վարկածը, հայտնում է Reuters-ը:
Գերատեսչության տվյալով՝ ահաբեկչության վարկածն ավելի հավանական է, քան ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը:
Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե ուղևորվող EgyptAir-ի ինքնաթիռն անհետացել էր ռադարների էկրաններից: A320-ում եղել է 56 ուղևոր (ներառյալ՝ 3 երեխա) և անձնակազմի 10 անդամ: Ինքնաթիռը դուրս էր եկել Փարիզի Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:
Ինքնաթիռի հետ կապը կտրվել էր Հունաստանի օդային տիրույթը լքելուց 2 րոպե անց:
Ինքնաթիռի ձայնագրությունը կտրվել էր Միջերկրական ծովում՝ Եգիպտոսին մոտենալիս:
Ներկայում Միջերկրական ծովում որոնում են ինքնաթիռը: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Հունաստանի ռազմաօդային, ռազմածովային ուժերը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է ինքնաթիռի կործանման փաստը, հայտնում է iTV-ն: Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ ծովում հայտնաբերվել է երկու լողացող օբյեկտ, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ օբյեկտները գտնվում են 50 մղոն հեռավորության վրա այն վայրից, որտեղ ինքնաթիռն անհետացել է ռադարներից:
Հունական հեռուստատեսությունը պնդում է, որ հունական Կարպատոս կղզուց հարավ հայտնաբերվել են հենց անհետացած ինքնաթիռի բեկորները: