Ես կողմ եմ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև երկխոսությանը, ինչպես նաև Չինաստանի հետ համագործակցությանը. Շտայնմայեր
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նախազգուշացրել է զերծ մնալ Եվրոպայում դաշինքային մտածողության ձևավորումից ու տարածաշրջանային ինտեգրացիոն կազմակերպությունների միջև պայքարից: Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Բեռլինում ընթացող ԵԱՀԿ-ի տնտեսական համագործակցության վերաբերյալ միջազգային համաժողովի ժամանակ:
«Մենք չպետք է ընկնենք տարբեր ինտեգրացիոն-քաղաքական մրցակցային վիճակի մեջ»,- ասել է Շտայնմայերը: Նրա կարծիքով՝ ավելի կարևոր է համաձայնեցնել միմյանց միջև գոյություն ունեցող տարբեր գաղափարները:
«Մենք այլևս չենք ապրում երկու դաշինքների աշխարհում: Մենք կարիք ունենք ինչպես սերտ, այնպես էլ նոր կամ բարդ գործընկերների հետ երկխոսության»,- ընդգծել է Գերմանիայի արտգործնախարարը:
«Մասնավորապես, ես կողմ եմ ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև երկխոսությանը, ինչպես նաև Չինաստանի հետ համագործակցությանը: Նման փորձ էին նաև Եվրահանձնաժողովի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները: Ես համոզված եմ, որ նման բանակցությունները վստահության ձևավորման և կոնկրետ հարցերի լուծման բանալին են»,- հայտարարել է Շտայնմայերը: