Ռոբերտ Նազարյանի որդին ու հարսը Պրահայում բիզնես ունեն. hetq.am
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի որդու ընտանիքը բիզնես եւ սեփականություն ունի Չեխիայում: Այս մասին գրում է hetq.am-ը: Ռ. Նազարյանը 2001-2003 թթ. Երեւանի քաղաքապետն էր, 2003-ից պաշտոնավարում է ՀԾԿՀ-ում:
«LEMAR INVEST»
2008-ի օգոստոսի 14-ին Լեւոն Նազարյանն ու կինը՝ Մարինե Գեւորգյանը, Պրահայում հիմնադրել են «LEMAR INVEST» ՍՊԸ-ն (իրենց անունների առաջին վանկերից), որի գործունեության տեսակ է նշվել անշարժ գույքի, բնակարանների ու գրասենյակային տարածքների վարձակալությունը: Կանոնադրական կապիտալը 200.000 չեխական կրոն է (մոտ 4 մլն դրամ), ինչն օրենսդրորեն սահմանված նվազագույն չափն է: Հիմնադրման պահին ամուսինները 50-ական տոկոս մասնաբաժին ունեին ՍՊԸ-ում: Ի սկզբանե միակ տնօրենը եղել է Լ. Նազարյանը, 2010-ին նրան է միացել նաեւ կինը, իսկ 2014-ի հունվարի 21-ից միակ փայատերն ու տնօրենը Մարինե Գեւորգյանն է:
Մինչեւ 2009 թ. «LEMAR INVEST»-ը գրանցված էր մայրաքաղաքի Ժիժկով (Žižkov) թաղամասում, այնուհետ տեղափոխվել է Հոլեշովիցե (Holešovice) թաղամասի Վարհուլիկովե 1579/16 հասցե (Varhulíkové 1579/16):
Այս շենքում սեփականության իրավունքով բնակարան ունի 32-ամյա Լեւոնի կինը՝ 31-ամյա Մարինե Գեւորգյանը, որտեղ էլ, ըստ էության, գրանցվել է ընկերությունը: Նշենք, որ ամուսինները ՀՀ քաղաքացիներ են, հաշվառված են Երեւանի Արաբկիր 39 փողոցի տներից մեկում: Այստեղ են հաշվառված նաեւ Ռոբերտ Նազարյանն ու կինը՝ Սվետլանա Խառատյանը: ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից հրապարակվող հայտարարագրերում Լեւոնի տվյալները չկան, քանի որ պաշտոնյաների ամուսնացած զավակները, թեկուզ եւ նրանց հետ ապրող, չեն համարվում փոխկապակցված անձինք: Ռ. Նազարյանի դեպքում այդպիսին միայն կինն է:
«Pohodlné Bydlení»
Լեւոն Նազարյանը 2014-ի փետրվարի 26-ին Պրահայում հիմնադրել է «Pohodlné Bydlení» ՍՊԸ-ն (թարգմանաբար նշանակում է հարմարավետ կեցություն): Ընկերությունը գրանցելիս Նազարյանի լիազորված անձ է հանդես եկել Չեխիայում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող ՌԴ քաղաքացի Քսենիա Բոյկոն: Այս ընկերությունն էլ զբաղվում է անշարժ գույքի, բնակարանների ու գրասենյակային տարածքների վարձակալությամբ: «Pohodlné Bydlení»-ի կանոնադրական կապիտալը նույնպես 200.000 չեխական կրոն է: Ընկերության միակ փայատերն ու տնօրենը Լեւոն Նազարյանն է:
Այս ՍՊԸ-ն եւս գրանցված է Վարհուլիկովե 1579/16 հասցեում (Varhulíkové 1579/16):
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: