«Պատերազմ լինելու է՝ յուրաքանչյուր պարագայում». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը չի կարծում, որ Վիեննայում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը որևէ լավ բան տվեց կամ ընդհանրապես տալու է: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա տեսակետ հայտնեց, որ նման պատերազմից հետո թշնամու հետ շփումը չի տալիս որևէ լավ բան՝ բացի մեկ հանգամանքից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին Հայաստանը «չվիրավորեց, չնեղացրեց»՝ չգնալով Վիեննա:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե հնարավոր է՝ փոխզիջումներ լինեն, բայց փուլ առ փուլ, քաղաքագետը նկատեց, որ Լավրովն աշխարհի լավագույն դիվանագետներից է, բայց ըստ նրա՝ նա ամենագետ չէ. «Վստահ եմ, որ Լավրովը չէր հիշում փուլային և փաթեթային խնդիրների մասին Հայաստանում, հակառակ դեպքում կփաթեթավորեր իր խոսքը՝ այլ, ավելի դիվանագիտական ձևակերպումներով: Այստեղ խոսքի սայթաքում տեղի ունեցավ, և ասվեց ճշմարտությունը, դա նշանակում է՝ վերադարձ փուլային տարբերակին: Դրանից հետո Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ, իհարկե, դա լինելու է փաթեթային լուծում՝ փուլային հանգրվաններով: Դա նշանակում է, որ մենք մի քիչ հղի ենք, բայց հղի չենք, որը նշանակում է, որ չենք ծննդաբերելու, բայց ծննդաբերելու ենք: Այսինքն՝ փուլայինը փուլային է, փաթեթայինը՝ փաթեթային»:

Ընդհանրապես մեզ պե՞տք է կարգավորում, թե՞ ոչ: Ինչո՞ւ է մեզ պետք լինել նախաձեռնող կամ հետաքրքրված, մենք ի՞նչ շահագրգռվածություն ունենք ԼՂՀ խնդիրը կարգավորելու հարցում: Խնդիրը պետք է համարել կարգավորված, և չկարգավորված է այն մասով, որ պետք է հետ բերենք այն 800 հեկտարը, որի մասին հայտարարվեց:

Հ. Մարտիրոսյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ ենք մենք շահագրգռված, որ թշնամին մեր հաղթանակն ընդունի իրավաբանորեն, եթե մենք հաղթող կողմ ենք. «Մենք փաստացի հաղթել ենք, կա հայկական պետություն, որը պետք է դարձնել Հայաստանի վերջին մարզը: Պատերազմ լինելու է՝ յուրաքանչյուր պարագայում: Ես էլ եմ համաձայն այն դիտարկմանը, թե՝ «տվեք նրանց Ղարաբաղը, և ուզելու են Երևանը»: Մենք ակնկալում ենք, որ ինչ-որ փոքրիկ զիջումներ անելով՝ կհասնե՞նք խաղաղության: Իրենք տրվելիք տարածքներին համաձայն չեն, նա ասում է՝ ամբողջ Ղարաբաղը՝ մերձակա տարածքներով»:

Քաղաքագետի տեսակետից՝ համաձայնություն է ձեռք բերվել նախագահների միջև՝ հանդիպելու հունիսին, որը, ըստ նրա՝ խոսում է բանակցությունների սկսման մասին:

«Մենք ի՞նչ ենք քննարկելու, ինձ հայտնի չէ Հայաստանի տեսակետը, ի՞նչ փոխզիջումների ենք պատրաստ լինելու, և ի՞նչ պետք է ընդհանրապես փոխզիջենք, որ մեր պարտված թշնամին մեզ ճանաչի, ինչո՞ւ ենք աղաչում ճանաչում թշնամուց: Եթե մենք պատրաստ ենք Ղարաբաղը հանձնելու կամ հավելյալ տարածքները, վստահաբար Ադրբեջանը ցույց է տվել, որ դա իրեն չի բավարարելու, այսինքն՝ մենք գնում ենք ավելի՞ն հանձնելու»,- հայտարարեց Հ. Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս