«Մանվել Գրիգորյանից հեռու մնացեք». Շարմազանովի կոչը

«Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, Արցախի հաղթանակի կրողներից մեկը: Եվ Մանվել Գրիգորյանի ու նրա նման հերոսների շնորհիվ մենք այսօր ունենք ազատագրված Արցախ: Այսօր Արցախի հերոսի նկատմամբ, ցանկացած հերոսի նկատմամբ, բայց տվյալ դեպքում Մանվել Գրիգորյանի նկատմամբ ցեխ շպրտելը, սև PR-ով զբաղվելը բխում է բացարձակապես Ադրբեջանի և Թուրքիայի շահերից: Նման քայլին գնալը ջուր լցնել է Ալիևի և Ադրբեջանի ջրաղացին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ արցախցի հրամանատար, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի հայտարարություններին:

Ըստ նրա`«չի կարելի ամեն ինչ հրապարակել, և հետո ասելու ձև կա»: Շարմազանովի կարծիքով` Վ.Բադասյանը կարող է զանգել Մ.Գրիգորյանին, խնդրել հանդիպել ու ճշտել՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ:

«Հրապարակային այս պահին Արցախի հերոսի նկատմամբ ցանկացած ապատեղեկատվություն, վարկաբեկիչ նյութ բխում է Ադրբեջանի շահերից: Մենք չպետք է անենք բան, որը բխում է Ադրբեջանի շահերից»,- ասաց ՀՀԿ խոսնակը` հավելելով, որ Մ.Գրիգորյանն իր 12-13 տարեկան որդու հետ այնտեղ կռվել է, և այսօր նստել և ասել, թե 1992 թ. ինչ է եղել, ճիշտ չէ:

Այլապես, Շարմազանովի խոսքով, պետք է Նժդեհի ու Անդրանիկի կռվի մասին, Ռուբեն Տեր-Մինսյանի ու Նժդեհի մասին, Դրոյի ու Անդրանիկի տարաձայնությունների մասին էլ խոսեն. «Էդպես մենք ո՞ւր կհասնենք, ժողովուրդ: Ուրեմն իմ կոչն ա՝ Մանվել Գրիգորյանից հեռու մնացեք, Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս ա»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս