Բաժիններ՝

Պարզվել է դպրոցի մոտ 12-րդ դասարանի աշակերտների վիճաբանության շարժառիթը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է մայիսի 16-ին դպրոցի մոտ 12-րդ դասարանի աշակերտների վիճաբանության շարժառիթը, որի ժամանակ նրանցից մեկին պատճառվել է ծանր մարմնական վնաս:

2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:03-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք, ողնաշարի գոտկային հատվածի ծակած-կտրած չթափանցող և աջ նախաբազկի վերին երրորդականի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի 17-ամյա մի բնակիչ:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժածին մարմնական վնասվածքը պատճառվել է դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Նախնական տվյալներով՝ նույն դպրոցի 12-րդ դասարանի 2 աշակերտներ իրենց ընկերների հետ միասին առանձնացել են դպրոցի հետևամասի հատվածում՝ զրուցելու մի աղջկա վերաբերյալ։ Երկու դեռահասների զրույցը վերաճել է լեզվակռվի, ապա՝ ծեծկռտուքի, որի ժամանակ նրանցից մեկն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել մյուսին։ Կասկածյալը ձերբակալվել է։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս