Ձերբակալություններ Իրանում՝ Instagram-ի անբարոյական օգտագործման համար
Իրանի իշխանություններն ութ մարդ են ձերբակալել Instagram-ի հավելվածն անբարոյական նպատակներով օգտագործելու մեղադրանքով: Այս մասին հայտնել է Թեհրանում համակարգչային հանցագործությունների գծով դատարանի ղեկավար Ջավադ Բաբային:
Ձերբակալությունները կատարվել են «Սարդ II» գործողության շրջանակներում, որը տեւել է շուրջ երկու տարի եւ պահանջել իրավապահների գործակալների ներդրումը:
Ի թիվս այլ իրավախախտների իրավակարգի պահապանների նպատակը եղել է այն կին մոդելներին գտնելը, որոնք իրենց լուսանկարները զետեղել են առանց հիջաբի, ինչն արգելված է Իրանում:
Գործողության ընթացքում բացահայտվել է 170 մարդ՝ լուսանկարիչներ, գրիմյորներ, մոդելներ եւ գեղեցկության սրահների մենեջերներ, որոնք Instagram-ի հաշիվներ են ղեկավարել լուսանկարների ու տեսագրությունների փոխանակման համար:
«Նրանք տարածել են իսլամի նորմերին հակասող անբարոյական մշակույթ»,-դատարանի ղեկավարի հայտարարությունը մեջբերում է «Ֆրանսպրես» գործակալությունը: Նա հավելել է, որ, բացի ձերբակալություններից, իշխանությունները քրեական գործեր են հարուցել ավելի քան 20 կասկածյալների նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: