ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը
Մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածությունը պահպանվել է նաև մայիսի լույս 14-ի գիշերը:
Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով 60 (53 արկ), 82 (142 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (30 արկ) ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (30 կրակոց):
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը:
Հատկանշական է, որ հակառակորդը շփման գծի հրետակոծությունը և իրադրությունն ապակայունացնելու իր քայլերը բարդել է ղարաբաղյան կողմի վրա, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ ադրբեջանական կողմը արհամարhում է խնդրի կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը և դիտավորյալ սրում է իրավիճակը:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: