Պերմյակովի գործի շրջանակներում ՌԴ-ում հարուցված քրեական գործը կասեցվել է
Վալերի Պերմյակովի գործի շրջանակներում ՌԴ-ում քրեական գործեր հարուցվել են, սակայն դրանք կասեցվել են: Այս մասին մայիսի 13-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ նախորդ դատական նիստերի ժամանակ իր կողմից ներկայացվա ծ՝ ՌԴ-ում գործով նոր քրեական գործեր հարուցված լինելու վերաբերյալ միջնորդությանն ի պատասխան դատարանը ստացել է գրություն, որը մայիս 13-ի նիստի ժամանակ փոխանցվել է փաստաբաններին:
«Ստացված գրության մեջ նշված է, որ դեպքից մեկ շաբաթ անց Չիտայում հարուցվել է քրեական գործ պաշտոնատար որոշ անձանց նկատմամբ, այդ թվում նաև բժիշկների: Հետագայում տվյալ քրեական գործերը կարճվել են այն հիմնավորմամբ, որ նրանց արարքում հանցակազմ չի եղել, քանի որ ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացություն: Դրանով արձանագրվել է, որ Պերմյակովի մոտ անընդհատ գործող հոգեկան հիվանդություն առկա չէ, այսինքն՝ խրոնիկ բնույթի չէ, այլ ժամանակավոր, իսկ տվյալ հատվածում նա առողջ է եղել, այդ պատժառով էլ պաշտոնատար անձի գործողություններում հանցակազմ չեն նկատել»,- փաստեց Միհրան Պողոսյանը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։
Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին« և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար:
Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Արմենուհի Մխոյան