Ավազակային հարձակում Երևանում. Ուրիշի տուն զինված ներխուժած անձանցից մեկը մահացել է, մյուսը՝ ստացել վնասվածք. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2016թ. լույս մայիսի 13-ի գիշերը տեղի ունեցած զինված ավազակային հարձակման դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ երկու տղամարդ 2016թ. մայիսի 13-ին՝ ժամը 04:25-ի սահմաններում, բաց պատուհանից ապօրինի մուտք են գործել Լ.Ավետիսյանին պատկանող տուն և ատրճանակի ու դանակի գործադրմամբ հարձակվել նրա և ընտանիքի անդամների վրա, վերջիններիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` փորձել հափշտակություն կատարել, սակայն տան բնակիչները վնասազերծել են նրանց:

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Լ.Ավետիսյանի տուն մուտք գործած անձանցից մեկի՝ Հ.Ֆալանջյանի դիակը, որի մոտ հայտնաբերվել է մեկ հատ կպչուն ժապավեն, մեկ հատ ատրճանակի պահունակ` 6 փամփուշտով։ Տան հյուրասենյակում հայտնաբերվել է մեկ հատ առանց գործարանային համարի ատրճանակ, խլացուցիչ, ննջասենյակի հատակին հայտնաբերվել է ատրճանակի 1 պահունակ` 4 փամփուշտներով, մեկ գնդակ, երկու պարկուճ, մեկ ծալովի դանակ, ննջասենյակում հայտնաբերվել է մեկ կպչուն ժապավեն, երկու հատ սև դիմակ, մեկ հատ պտուտակահան:

Դեպքի վայրին հարակից փողոցում հայտնաբերվել է Հ.Ֆալանջյանին պատկանող «Մերսեդս Բենց Ե 220» մակնիշի ավտոմեքենան` շարժիչը գործի գցելու համար նախատեսված բանալին անվի վրա դրված:

Ընտանիքի 5 անդամներից 4-ն ստացել են մարմնական վնասվածքներ, որոնցից 3-ը հոսպիտալացվել են. Լ.Ավետիսյանը՝ որովայնի շրջանի հրազենային վնասվածք, Դ.Ավետիսյանը` աջ ուսային միջանցիկ հրազենային վերք, Ս.Հարությունյանը` կրծքավանդակի հետին մակերեսի և ձախ բազկի շրջանի կտրած, ծակած թափանցող վերքեր, հեմոպնևմոթորաքս ախտորոշմամբ, վնասվածք ստացած 4-րդ անձին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել:

Բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև Հ.Ֆալանջյանի հետ Ավետիսյանների տուն զինված մուտք գործած երկրորդ անձը՝ կրծքավանդակի հետին մակերեսի և ձախ բազկի շրջանի կտրած-ծակած թափանցող վերք, հեմոպնևմոթորաքս ախտորոշմամբ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաբժշկական, համալիր դատահետքաբանական, դատաքիմիական, դատաձգաբանական, դատակենսաբանական և դատամատնադրոշմային փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս