Արման Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունները
Մայիսի 12-ին Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:
Արման Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները:
Պաշտպանը Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է նաեւ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված դաժանությունների կոնկրետ օրինակներ եւ նրան է փոխանցել ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած՝ այդ դեպքերը վերլուծող զեկույցը:
Արման Թաթոյանն ընդգծել է նաեւ ազգությամբ հայերի նկատմամբ ատելություն եւ բռնություն սերմանող՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականության կործանարար հետեւանքները, որը խաթարում է Եվրոպայի խորհրդի ողջ իրավապաշտպան համակարգը: Ընդ որում, այդ քաղաքականությունը խրախուսվում է պետական մակարդակով եւ կրում է բացարձակ անհանդուրժողական բնույթ:
Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ մարդու իրավունքների խախտումներն անթույլատրելի են ցանկացած պարագայում. իրավունքների պաշտպանությունը քաղաքականություն կամ սահմաններ չի կարող ճանաչել:
Կողմերը կարեւորել են Մարդու իրավունքների պաշտպանի դերը երկրում եվրոպական չափանիշների ներդրման հարցում: Մասնավորապես, հանդիպման ընթացքում նշվել է Օմբուդսմենի հաստատության կարեւորությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործում: Քննարկվել են նաեւ ընտանեկան բռնության կանխարգելման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ մի շարք այլ ոլորտների վերաբերող հարցեր:
Մայիսի 12, 2016թ.
Ստրասբուրգ, Ֆրանսիա