Բաժիններ՝

«Մենք 1990-94 թվին կռվում էինք, բայց էդ երեխեքը մեզնից ուժեղ են, դուխը տեղն է»

asparez.am. Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին իսկ օրից հայրենիքը պահելու պարտականությամբ կողք-կողքի կռվեցին փորձառու երկրապահն ու անփորձ զինվորը. երիտասարդ տղաները, սակայն, ոչնչով չզիջեցին ավագ զինակիցներին: Հայաստանի տարբեր անկյուններում հավաքագրվող կամավորականների խմբերը մեկնեցին առաջնագիծ. ժամկետային զինծառայողների կողքին կանգնեցին նաեւ լոռեցի կամավորականները:

Կամավորականների 110 հոգանոց առաջին ջոկատը Լոռու մարզից Արցախ մեկնեց դեռ ապրիլի 3-ին: Արցախ մեկնած լոռեցիներն զբաղեցրել են Թալիշի եւ Մատաղիսի առաջնային գծի դիրքերը, միմյանց ոգեւորելով՝ կռվել կողք-կողքի զինվորի հետ: Արցախյան առաջին պատերազմի թոհուբոհով անցած երկրապահները սահման են մեկնել երիտասարդներին ոգեւորելու մտադրությամբ: Հանդիպելով վերջիններիս հերոսական ոգուն ու մարտական բարձր պատրաստվածությանը՝ իրենք են ոգեշնչվել:

-Տղերքը ամեն կերպ, ամեն ինչով փորձել են աջակցել իրենց կրտսեր եղբայրներին՝ մեր զինվորներին, որովհետեւ համատեղ են կռվել դիրքերում, բայց մեր տղաները նույնիսկ զարմացած են զինվորների առանձնակի քաջության վրա, որովհետեւ մեր տղաները ամեն կերպ ուզում են ցույց տալ, որ իրենք պատրաստի, լուրջ տղամարդիկ են դարձել,-հպարտությամբ է նշում ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը:

-Մեր զինվորների մեջ շատ քաջ էրեխեք կային, որ մենք չէինք սպասում, բայց գնացինք, համոզվեցինք, որ ոչ թե էրեխեք են, այլ կայացած տղերք են, որ պատրաստ են էսօր իրանց առջեւ ինչ առաջադրանք ըլնի, լրիվ լուծեն,-ասում է առաջին գծից վերադարձած երկրապահներից մեկը:

Մինչ այժմ մարզից Արցախ է մեկնել կամավորականների երեք խումբ՝ շուրջ 200 մարդ, նրանցից 60-ն արդեն վերադարձել են: Ղարաբաղ է մեկնել նաեւ շուրջ 50 կամավոր՝ մարզի տարածքային զինկոմիսարիատներից:

Ներկայում Արցախում զինվորների կողքին է եւս 85 լոռեցի կամավոր: Լոռին մեկ գումարտակի կարգավիճակով ծառայություն է իրականացնում Մարտունի 2 գնդի պաշտպանական դիրքերում, գումարտակի հրամանատարն է փոխգնդապետ Աշոտ Քոչարյանը:

-Ունենք նաեւ հերթագրված տղաներ, որոնք պատրաստ են առաջին իսկ կանչով մեկնելու Արցախ, մենք պլանավորում ենք հաջորդ հերթափոխն իրականացնել մայիսի 18-ին,-տեղեկացնում է Կամո Հովհաննիսյանը:

-Մենք բոլորս հպարտորեն հավաքվել ենք ընդունելու մեր այն կամավորներին, ովքեր գնացել էին մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու, եւ մենք ուզում ենք իրենց դիմավորել ինչպես որ հարկն է, որովհետեւ մենք հպարտանում ենք իրենցով,-ասում է Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը:

Erkrapahner-2

Շահումյան համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանի խոսքով, համայնքից առաջնագիծ մեկնած կամավորականներից հինգն արդեն վերադարձել են, եւս վեցը շարունակում են հսկել հայրենիքի սահմանները: Նախկին երկրապահը, ով մասնակցություն է ունեցել Արցախյան հերոսամարտին, կարեւորում է նմանօրինակ միջոցառումների դերը:

-Սա հենց հայրենասիրական, ռազմադաստիարակչական բնույթ ունի, ոգեւորում է մեր ազգին. մենք պատրաստ ենք եւ պետք է ծառայենք մեր ժողովրդին, մեր մարտիկներին: Մենք խուճապ չենք ապրում, միշտ պատրաստ ենք հակահարվածի, քանի որ մենք պաշտպանում ենք մեր հողերը,-նշում է Է. Մանուկյանը:

Արցախից վերադարձած երկրապահները կիսվեցին նաեւ ժամկետային զինծառայողների մարտունակությունից ստացած տպավորություններով:

Ջոկատի հրամանատար Գեւորգ Զաքարյանը պատմում է.

-Ես հիացած եմ մեր զինվորներով, չէի սպասում, որ նրանց մարտական ոգին այդքան բարձր կլիներ, եւ ոչ միայն զինվորներով, նաեւ հայկական բանակի կրտսեր սպայական կազմի նվիրվածությունը, անձնազոհությունը ուղղակի ցնցող էր: Մենք գնացինք իրենց ոգեւորելու, բայց մենք էլ իրենցից ոգեւորվեցինք, որովհետեւ տեսանք, թե ինչպես են այդ 18-20 տարեկան երեխաները, որ ամսից ավելի խրամատներում են, առանց խրամատից դուրս գալու, առանց հանգստանալու եւ անտրտունջ, իրենց պարտքը կատարում:

Գ. Զաքարյանը զարմացած ու հիացած է հայ ժողովրդի՝ դժվարին պահին մեկ բռունցք դառնալու կարողության վրա:

Erkrapahner-3

-Այս ընթացքում մեր ժողովուրդը ցուցաբերեց աննախադեպ համերաշխություն, աննախադեպ միասնականություն, որին երեւի թե ոչ ոք չէր սպասում, նույնիսկ հենց ժողովուրդն ինքը չէր սպասում դրան, որովհետեւ փնփնթացողներ կային, թե որ պատերազմ լինի՝ ո՞վ ա գնալու, սա ցույց տվեց, որ բոլորն են գնում, իմ ասվածի վառ ապացույցն էլ այն է, որ առողջական խնդիրների պատճառով պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատված շատ երիտասարդներ են դիմում երկրապահ կամավորականների միություն՝ որպես կամավոր առաջնագիծ մեկնելու համար:

-Գնացել ենք մեր հողի ու ջրի համար, պայքարել ենք մեր զինվորների համար, էդ երեխեքը առյուծից առյուծ են, մենք 90-94 թվին կռվում էինք, բայց էդ երեխեքը մեզնից ուժեղ են, դուխը տեղն է,-ասում է մարտական ընկերների շրջանում Ռեմբո մականունով հայտնի Սեյրան Հայրապետյանը:

Երկրապահների խոսքով, անհամեմատելի են Արցախյան հերոսամարտի ու ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները:

-Եթե համեմատենք 1992-94թթ. պատերազմն ու հիմիկվանը, ուղղակի անհամեմատելի է, որովհետեւ այն ժամանակ մենք պրոֆեսիոնալ բանակ չունեինք, կամավորական ջոկատների հիման վրա նոր ստեղծվող բանակ էր, եւ ժամկետային զինծառայողներ, որոնք թիկունքում էին լինում: Մեր այն ժամանակվա իշխանությունները ճիշտ էին անում՝ ադրբեջանցիների սխալները չէին, անում 18-20 տարեկաններին առաջին գիծ չէին ուղարկում, իսկ այսօր նրանք վեց ամիս վերապատրաստման կուրսեր են անցնում, նոր գնում են դիրքեր,-պարզաբանում է Գ. Զաքարյանը:

Առաջնագիծ մեկնած երկրապահները վստահ են՝ այդպիսի քաջարի զինվորներ ունեցող երկիրը միայն մեկ ուղի ունի՝ փառքով ու հաղթությամբ նվաճելու խաղաղ երկնքի ներքո ապրելու եւ արարելու իր իրավունքը:

Ի դեպ, Լոռու մարզի երկրապահներից կազմավորված գումարտակը ամենակարգապահի անուն է վայելում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս