Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի ՏՀՏ-ն՝ ռազմաարդյունաբերության մակարդակը բարձրացնելու համար

2016թ. հունիսի 17-18-ն «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի կունենա «ԴիջիԹեք բիզնես» ֆորումը: Ֆորումի կազմակերպիչն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագրով ֆորումը, ինչպես միշտ, անդրադառնալու է տնտեսության տարբեր ճյուղերին, սակայն այս տարի հատուկ շեշտադրում է լինելու ռազմաարդյունաբերության վրա:

Ռազմաարդյունաբերական համակարգը զարգացնելու համար կկազմակերպվեն քննարկումներ, որոնց կմասնակցեն թե՛ շահագրգիռ պետական գերատեսչությունները և կազմակերպությունները, թե՛ ՏՏ լուծումներ առաջարկող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները համախմբվել են սպառազինության մակարդակը բարձրացնելու համար: ՏՀՏ-ն պատրաստ է համագործակցել Պաշտպանության նախարարության հետ և իր ներուժն ուղղել դեպի բանակ: Այս մասին «ԴիջիԹեք 2016»-ին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Ալեքսանդր Եսայանը հայտնեց, որ այժմ տեխնոլոգիական լուծումներ են մշակում ռազմաարդյունաբերական համալիրին ներկայացնելու համար:

«Հույս ունենք, որ ՏՏ ընկերություններն իրենց լուծումները կառաջարկեն բիզնես ֆորումի ժամանակ»:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտնեց, թե ռազմաարդյունաբերական որ 3 խնդիրներն են լինելու բիզնես ֆորումում առաջնայինը:

«Առաջինը պետք է հասկանանք, թե ինչպիսի կարճաժամկետ լուծումներ է պետք գտնել հակառակորդին հակազդելու համար: Երկրորդ՝ գոյություն ունեցող տեխնոլոգիական բազայի հիման վրա ինչպե՞ս կարող ենք ստեղծել միջնաժամկետ նոր ռազմաարդյունաբերություն՝ հասկանալով, որ պատերազմն արդեն տեխնոլոգիական զենքի կռիվ է: Երրորդը ռազմավարական խնդիրն է: Պետք է հասկանանք, թե 15-20 տարի հետո ինչ ռազմավարություն ենք ցանկանում ունենալ, թե ինչ քայլեր է պետք իրականացնել դրան հասնելու համար: Այս գործում ակնկալում ենք Զինված ուժերի համապատասխան պաշտոնյաների ակտիվ մասնակցություն»,- նշեց Կարեն Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և ՀՀ Զինված ուժերի միջև ստեղծվել է հանձնաժողով, որն աշխատում է ՏՀՏ-բանակ կապն ապահովելու համար:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս