Սոցապահովագրության համակարգը պետք է միասնական լինի ԵՏՄ բոլոր երկրների համար. ՌԴ աշխատանքի փոխնախարար
Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը խնդիր է դնում ստեղծել միասնական սոցիալական տարածք Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների տարածքում: Այս գործընթացի միջոցառումների մի մասն արդեն ավարտվել է:
Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ աշխատանքի փոխնախարար Անդրեյ Պուդովը «Սոցիալական ապահովագրություն» միջազգային համաժողովի ընթացքում:
«Հարկավոր է ստեղծել նման սոցիալական տիրույթ երկրների համար, որոնք ընդգրկված են Եվրասիական տնտեսական միության կազմում, որը պետք է դառնա միասնական: Այսինքն, աշխատանքի շուկան պիտի փաստացի միասնական դառնա այդ երկրների համար: Իսկ մարդկանց համար, եթե պարզ ասենք, դա պիտի այնպիսի մեխանիզմ լինի, որին համապատասխան, մարդը, անկախ իր աշխատանքային վայրից` Ղրղզստան, Ղազախստան կամ Հայաստան, տարբերություն չպետք է զգա:
Նա պետք է ստանա սոցիալական ապահովագրության ամբողջական ծավալը, կենսաթոշակային ապահովագրություն, և այդ իրավունքները պետք է լիարժեք կերպով պաշտպանվեն»,- հայտարարել է Պուդովը:
Նա նաև հայտնել է, որ այդ ուղղությամբ աշխատանքների մի մասն արդեն կյանքի է կոչվել: Ներկայում «մնացել է միայն ավարտել գործընթացների համաձայնեցումը կենսաթոշակային ապահովման համաձայնագրի մասով»:
ՌԴ Հաշվիչ պալատի ապարատի ղեկավար Յուրի Վորոնինը նշել է, որ դա թույլ կտա ԵՏՄ երկրների քաղաքացիներին իրենց լիարժեքորեն զգալ այդ միության անդամներ: