Վիտալի Բալասանյան. «Զորքը պատրաստ էր կապիտուլացիայի ենթարկել Ադրբեջանին»
«Զորքը պատրաստ էր առաջ նետվելու, զորքը պատրաստ էր ընդհանրապես կապիտուլացիայի ենթարկել Ադրբեջանին»,- «Արարատ» հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդաշարի թողարկման ժամանակ հայտարարել է Արցախի հերոս, գեներալ-մայոր, ԼՂՀ ԱԺ պտագամավոր Վիտալի Բալասանյանը:
«Եթե չեն հավատում, թող մեր քաղաքական իշխանությունները որոշում կայացնեն, կտեսնեք, որ երկու օրից հետո ինչ է կատարվում Ադրբեջանում»,-ասել է Վ. Բալասանյանը:
Նրա խոսքով, ապրիլյան պատերազմում հայկական կողմը պրոբլեմներ ունեցել է, սակայն դա չի նշանակում, որ Ադրբեջանը կարող է ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծել: «Թող փորձի: 94 թվականից առ այսօր ասում է, թող փորձի հըլը: Եթե նույնիսկ Ղարաբաղում մնա միայն մեկ զինվոր, դա արդեն պրոբլեմ է բոլորի համար»,- ասաց նա:
Բալասանյանի կարծիքով, հիմա պետք է անցնել հարձակման ու ցույց տալ, որ Ադրբեջանը ոչնչություն է:
«Մենք պետք է լռեցնենք այն կրակակետերը, որոնք վտանգ են սպառնում Արցախի ու Հայաստանի համար: Ու լռեցնելու ենք: Մենք ի՞նչ մեղք ունենք, որ ադրբեջանական կողմը կրակակետը բերում-դնում է մի գյուղի հետևում ու սկսում է կրակել: Իհարկե, հայկական կողմը պետք է այն լռեցնի, և լռեցնում է»,- ասաց նա:
Վ. Բալասանյանն ընդգծում է, որ անզեն մարդու, խաղաղ բնակավայրերի վրա կրակելու թշնամու ձեռագիրը չի փոխվել:
«90-ականների պատերազմին Կարմիր խաչի միջնորդությամբ, ռուսերեն այդ բառը լավ է ստացվում՝ «պերեգավոռներ» էին կազմակերպվում, դիակների հանձնում, գերիների փոխանակում, ես իրենց ասում էի՝ գյուղերի վրա մի կրակեք, դիրքերի տեղը գիտեք, ինչքան ուզում եք՝ կրակեք: Ես իմ կապավորին ասում էի՝ կապ տուր Աղդամի բոլոր կառույցներին, ասա՝ կես ժամից հետո կրակելու ենք: Ու կրակում էինք ուղիղ կես ժամից: Չի կարելի անզեն մարդու վրա կրակ բացել, սա անընդունելի տարբերակ է, վերջապես կան միջազգային նորմեր»,- ասաց նա՝ հավելելով, որ վախենալ պետք չէ, պետք է պարզապես ճնշել թշնամուն: