Բաժիններ՝

Ստարտափերին արտոնություն տվող օրենքի մեկամյա գործարկումից հետո 94 նոր ընկերություն է ստեղծվել

Տեղեկատվական տոխնոլոգիաների ոլորտի նորաստեղծ ընկերություններին արտոնություն տրամադրող օրենքի շնորհիվ հավաստագրվել է 94 կազմակերպություն, ստեղծվել է 450 նոր աշխատատեղ: Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը` նկատելով, որ օրենքի կիրառումից անցել է մեկ տարի: Նա նշեց, որ նոր ստեղծված ընկերությունների շրջանառությունը հասնում է մոտ 2 միլիոն դոլարի, ինչը լուրջ հաջողություն է: «ՏՏ ոլորտի աջակցության մասին օրենքն իրականում աննախադեպ է: Մենք այդ արտոնություններով գրեթե 5 անգամ ավելացրել ենք ստարտափերի ստեղծման միտումը»,- ասաց փոխնախարարը:

Էմիլ Տարասյանի տեղեկացմամբ` առաջիկայում համագործակցելու են հեռուստաընկերությունների հետ, որպեսզի հայկական ստարտափերի կողմից առաջարկվող լուծումները ներկայացնեն հասարակության լայն շերտերին: «Նախարարությունը կսկսի աշխատել հեռուստաընկերությունների հետ, որպեսի յուրաքանչյուր պրոդուկտ լուսաբանվի, ներկայացվի հանրությանը որպես լուրջ գաղափարներ առաջ տանող ձեռնարկություններ, որոնց տված արդյունքը տեսանելի կլինի մի քանի տարի հետո»,-ասաց Տարասյանը:

Նա կարևոր համարեց փաստը, որ Էկոնոմիկայի նախարարությունն աշխատում է ինովացիոն ենթակառուցվածքի ձևավորման ուղղությամբ, որպեսզի բիզնեսն ու գաղափար ունեցողը կարողանան համագործակցել: «Շատ երկրներ, օրինակ, Իսրայելը, սկսել են ռազմարդյունաբերության ոլորտից, բայց այդ մշակումները կիրառություն են ստացել նաև քաղաքացիական կյանքում ու մեծ հաջողություններ են գրանցել: Նախարարությունը ստանձնել է դերակատարություն` համախմբելու փորձագիտական կարողությունները, որպեսզի ստեղծվի այնպիսի ներդաշնակ համակարգ, ուր գիտելիքը կկապվի բիզնեսի հետ` անկախ ոլ որտից»,-ասաց փոխնախարարը` հավելելով, որ նշյալ աշխատանքները կտանեն ֆինանսների օպտիմալացմանը, ավելի թիրախային կդառնա գաղափարների կիրառությունը տնտեսության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս