Հայ պատգամավորները նախատում են եվրոպացիներին
Ազգային ժողովում շարունակվում է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ ԱԺ խմբակցությունների հանդիպումը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննարկման առանցքը Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ գործընթացներն են, քննարկվում են նաև կոռուպցիայի դեմ պայքարին, սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Ըստ նրա` անդրադարձ է կատարվել նաև հունվարին հնչած զգուշացումներին, որ ԵԽԽՎ-ում ԼՂ հիմնախնդրին մատների արանքով նայելուց հետո հնարավոր է ռազմական էսկալացիա, որ իրենք պետք է գիտակցեն իրենց ինստիտուտի դերակատարությունը: «Իրենք էլ են ընկալում սխալները, օրինակ` բալանսավորված մոտեցումը, և կփորձեն ապագայում դասեր քաղած անդրադառնալ»,- ասաց Թ.Պողոսյանը: ԸՕ մշակման գործընթացի հետ կապված կարևորվել է արդյունքը:
Թ.Պողոսյանի խոսքով, եթե 2017 թ. ընտրությունները լավ անցնեն, դրանից հետո ԱԺ-ն ի՞նչ կանոնակարգ օրենքով է աշխատելու, զգալո՞ւ է, որ անցում է կատարվել խորհրդարանական կառավարման: Թ.Պողոսյանը նշեց, որ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամ, բրիտանացի պատգամավոր Ալան Միլը ներկայացրել է, որ Անգլիայում ընտրած քաղաքացիների ցուցակները հրապարակվում են ընտրություներից հետո. «Եթե այնպիսի երկրում, ինչպիսին Անգլիան է, կարելի է հրապարակել և դա չի համարվում մարդու իրավունքների հանդեպ որևէ խախտում, ի՞նչ է եղել մեզ, որ անպայման ուզում ենք 18 քայլի մեջ հնարավորություն ընձեռենք, որ հասկանանք` թիվը ո՞րն է, անունը ո՞րն է, ճի՞շտ է, թե՞ ոչ: Կարելի է պարզ լուծումներ կիրառել»: Այցի արդյունքով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամները զեկույց և առաջարկների փաթեթ են կազմելու: