Բաժիններ՝

Սեդրակ Զատիկյանի սպանության դրդչի մասով գործով հետազոտվում են գործի նյութերը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության քրեական գործի՝ դրդչի մասով գործի քննությունը: Նարեկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել՝ պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին»:

Դատարանում այս փուլում հետազոտվում են քրեական գործի նյութերը, դրանք կազմում են 14 հատոր: Մեղադրողը դատարանին ներկայացրեց վկաներից մեկի հեռախոսային խոսակցությունների վերծանումների զննության արձանագրությունը. արձանագրությունում ներկայացված էին դեպքի օրը` 2006թ. հունիսի 22-ին՝ ժամը 14:33-ից՝ դեպքից հետո, վկայի հեռախոսազանգերը: Հրապարակելով արձանագրությունը՝ մեղադրողն ասաց, որ թվով 20-րդ հեռախոսազանգը համապատասխանում է Սեդրակ Զատիկյանի սպանությունից հետո այն կատարելու համար դատապարտված Արսեն Առուշանյանին Ջրվեժ թաղամասում գումար փոխանցելու ժամանակահատվածի հետ:

Դատարանում հրապարակվեց նաև Սեդրակ Զատիկյանի սպանության համար դատապարտված Արսեն Առուշանյանի, սպանության օժանդակության համար դատապարտված երկու անձանց վերաբերյալ տարիներ առաջ՝ 2007թ. կայացված դատավճիռը: Այդ դատավճռով Արսեն Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել ցմահ ազատազրկման: 2006թ. հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների հատման խաչմերուկում, կրակոցներ էին արձակվել Սեդրակ Զատիկյանի  վարած ավտոմեքենայի վրա։  Արդյունքում՝ ավտոմեքենայի ղեկին նստած Սեդրակ Զատիկյանը և պատահական անցորդ Կարինե Սարգսյանը տեղում մահացել էին:

Այժմ քննվող քրեական գործով Նարեկ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է 2007թ. հուլիսի 9-ին, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Նա հայտնաբերվել էր 8 տարի անց՝ 2015թ. մայիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս