Արծվիկ Մինասյանը` «Հրազդան-Ցեմենտը» հարկային տույժերից ազատելու մասին. «Դա շանս է, որ գործարանը չլիկվիդացվի»
«Հրազդան-Ցեմենտ» ՓԲ ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին օրինագիծը ԱԺ նախորդ քառօրյայում մերժվելուց հետո առանց որևէ փոփոխության այսօր կրկին, արդեն 4-րդ անգամ ներկայացվեց պատգամավորներին` քննարկման համար: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ ընկերությունն ազատվում է միայն հարկերի ուշացման համար սահմանված տույժերից, բայց ոչ հարկերից, և այդ գումարը կազմում է 500 մլն դրամ:
«Դա շանս է, որ գործարանը չլիկվիդացվի, պահպանի իր պրոֆիլը և պահպանի աշխատատեղերը»,- ասաց Ա.Մինասյանը:
Ըստ նրա` բաժնետիրոջն անգործության համար մեղադրանք կարող է ներկայացնել մեկ այլ բաժնետեր, բայց ոչ կառավարւթյունը. «Այստեղ անգամ նույնիսկ չկա քրեական հանցակազմ հարկերի չվճարման մասով, որովհետև խոսքը չի գնում հարկերը թաքցնելու կամ անհրաժեշտ գումարն ունենալու և հարկերը չվճարելու մասին: Պարզապես հարկերը կուտակվել են և, ըստ օրենքի, հաշվարկվել են տույժեր: Այս քայլը նույնիսկ չի երաշխավորում, որ ընկերությունը կրկին չի հայտնվի վատ վիճակում` շուկայի, կամ փոխարժեքի տատանումների պատճառով»:
Հիշեցնենք, որ «Հրազդան-ցեմենտի» նախկին սեփականատեր Միկա Բաղդասարովը գործարանը գրավ էր դրել ՎՏԲ-Հայաստան բանկում և, վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով, բաժնետոմսերն անցել են բանկին: