Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդեսն արժեցել է 300 միլիոն ռուբլի
Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին անցկացված զորահանդեսի հայտամրցույթի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 300 միլիոն ռուբլի (4,5 մլն դոլար), վկայում են ՌԴ պետգնումների պորտալի տվյալները:
РБК-ի հաշվարկներով՝ Հաղթանակի 71-ամյակին նվիրված տոնակատարությունների անցկացման ծախսերն ավելացել են ավելի քան 85 մլն ռուբլով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի զորահանդեսի և համերգի անցկացման վրա 2015թ. ծախսվել էր ընդհանուր առմամբ 810 մլն ռուբլի (12,2 մլն դոլար):
ՌԴ ՆԳՆ-ի տվյալներով՝ Հաղթանակի օրվա տոնակատարություններին Ռուսաստանում մասնակցել է 24 մլն մարդ:
Մեծ թվով մարդիկ են մասնակցել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի և Սվերդլովի մարզերում և Կրասնոդարի երկրամասում անցկացված տոնական միջոցառումներին:
Երեկ Կարմիր հրապարակում կայացած զորահանդեսին ներկա են եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորահանդեսին մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ, 135 միավոր ռազմական տեխնիկա և 71 թռչող սարք:
Զորահանդեսը ղեկավարել է ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Օլեգ Սալյուկովը: