Թուրքիայի դատախազությունը մեղադրանք չի առաջադրել ռուս օդաչուին սպանած զինյալին
Թուրքիայի դատախազությունը մեղադրանք չի առաջադրել Ալփարսլան Չելիկին, ով ենթադրաբար ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովին սպանած զինյալն է՝ ասելով, թե հավականաչափ ապացույցներ չունի նրան մեղադրանք առաջադրելու համար: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է նրա փաստաբան Մուրատ Ուստյունդաղը:
«Դատախազությունը հրաժարվել է սպանության մեղադրանք առաջադրել Չելիկին՝ ուսումնասիրելով գործում առկա փաստերն ու դրանք համարելով անբավարար: Ներկայում որոշվում է նրա նկատմամբ անօրինական կերպով զենքի կրման ու պահման համար մեղադրանք առաջադրելու հարցը: Չելիկը նախկինի պես գտնվում է կալանքի տակ»,- հայտարարել է փաստաբանը:
Չելիկը ձերբակալվել էր Իզմիրում՝ Թուրքիայի արևմուտքում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները սրվել են Սիրիայում Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո: Օդաչուն հասցրել էր կատապուլտ կատարել, սակայն սպանվել էր օդում: