Բաժիններ՝

Թուրքական բանակում կասկածելի հանգամանքներում մահացած զինվորները հիմնականում ալևիներ, քրդեր և հայեր են

Թուրքիայի զինված ուժերում վերջին 22 տարիների ընթացքում կասկածելի հանգամանքներում մահացած 2220 զինծառողների 80 տոկոսը քրդեր, ալևիներ և հայեր են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Օզգյուր գյունդեմ» թերթում գրում է Զինծառայողների կասկածելի մահերի եւ տուժածների իրավունքների խնդիրներով զբաղվող կազմակերպության փոխնախագահ Ռըզա Դողանը:

Նրա խոսքով` 2015 թվականի հուլիսից մինչ այժմ գրանցվել է զինվորի մահվան 8 դեպք, որոնք ենթադրաբար ինքնասպանություն են գործել:

Կազմակերպության փոխնախագահը հայտնել է, որ իր 20-ամյա որդին` Ույսալ Դողանը նույնպես մահացել է պարտադիր զինծառայություն անցնելու ժամանակ` Մուշում 2012 թվականին: Որդու մահվան հետ կապված եւս առաջ է քաշվել ինքնասպանության վարկածը, սակայն, ինքը համոզված է, որ որդուն սպանել են, քանի որ ենթադրյալ սպանության գործիքի վրա մահացածի մատնահետքեր չեն հայտնաբերվել:

Նա նշել է, որ թուրքական բանակում մահացած զինվորների ընտանիքները տարիներ շարունակ իրավական պայքար են մղում, որպեսզի բացահայտեն իրենց զավակների գիտակցաբար կամ կանխամտածված սպանված լինելու փաստերը:

Սակայն, նրա խոսքով` դատարանները գիտակցաբար կարճում են կասկածելի հանգամանքներում զինվորների մահվան դեպքերի հետ կապված հարուցված քրեական գործերը, իսկ իրական հանցագործները քողարկվում են:

Ռըզա Դողանը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերում զինվորների մահվան դեպքերի համար մեղավորը հենց Թուրքիա պետությունն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս