Բաժիններ՝

Վրաց-ամերիկյան զորավարժություններն ուղղված են երկրի պաշտպանունակության ամրապնդմանը. Դավիթ Բաքրաձեն պատասխանել է ՌԴ ԱԳՆ-ին

Պլանավորված զորավարժությունները և դրանց վերաբերյալ արձագանքներն ուղղակիորեն մատնանշում են, թե ով է մտահոգ մեր երկրի պաշտպանության ամրապնդմամբ ու թե ով է սպառնում դրան:

Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարել է Վրաստանի եվրոպական և եվրաատլանդյան կառույցներին ինտեգրվելու հարցերով պետնախարար Դավիթ Բաքրաձեն՝ մեկնաբանելով ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը, թե Վրաստանում Վազիանի ռազմաբազայում անցկացվելիք վրաց-ամերիկյան Noble Partner-2016 զորավարժությունները կրում են «սադրիչ բնույթ»:

Ինչպես նշել է Դավիթ Բաքրաձեն լրագրողների հետ զրույցում, պլանավորված զորավարժությունները ծառայում են Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանը և ամերիկյան զորքերի հետ համատեղելիությանը:

«Վրաստանում պլանավորված զորավարժությունները մեր կարևոր ռազմավարական գործընկերոջ հետ կարևոր են մեր երկրի համար: Դրանք ծառայում են Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանը, ամերիկյան զորքերի հետ համատեղելիությանը, ինչը մեր կարևոր խնդիրն է: Այդ զորավարժություններն ու դրանց վերաբերյալ արձագանքներն ուղղակիորեն ցույց են տալիս, թե ով է հոգ տանում մեր երկրի պաշտանության մասին և թե ով է սպառնում դրան»,- հայտարարել է Բաքրաձեն:
Վրաց-ամերիկյան զորավարժությունները Վրաստանում երկրորդ անգամ են անցկացվում: Դրանց նպատակն է բարձրացնել վրացական ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի (NRF) հետ համագործակցության ժամանակ:

Զորավարժություններին մասնակցում է 1300 զինծառայող, այդ թվում՝ 650 զինծառայող ԱՄՆ եվրոպական հրամանատարությունից, 500 վրացի և 150 բրիտանացի զինծառայող:
Վրաստանի ԶՈւ պատմության մեջ առաջին անգամ կօգտագործվեն M1A2 Abrams տանկեր: Զորավարժություններին կմասնակցեն նաև ամերիկյան C-130 ռազմական ինքնաթիռներ և այլ տեխնիկա:

Զորավարժությունները պաշտոնապես կմեկնարկեն մայիսի 11-ին, կավարտվեն՝ մայիսի 26-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս