Հայ դատի հանձնախմբերը ժամանում են Ստեփանակերտ Արցախին զորակցություն հայտնելու նպատակով
Տարբեր երկրների Հայ դատ հանձնախմբերը ժամանում են Ստեփանակերտ Արցախին զորակցություն հայտնելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանն, ով ևս պատրաստվում է մեկնել Արցախ` մասնակցելու Մայիսի 9-ի միջոցառումներին:
Անդրադառնալով վերջին շրջանում Արցախի հիմնախնդրի ուղղությամբ Եվրոպայում տարված աշխատանքին` Պետո Դեմիրճյանը նշեց, որ Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի մեջ քաղաքական շրջանակն ավելի հայամետ կեցվածք ունեցավ: Դա նաև Հայ Դատի գրասենյակների աշխատանքի արդյունքն է:
«Այս ընթացքում ակտիվ գործում է նաև ադրբեջանական կողմը, փորձում էր իր տեսակետը ներկայացնել, բայց, կարող ենք ասել, որ քաղաքական շրջանակներում հայկական դիրքերն ավելի բարենսպաստ են: Նույնը կարելի է ասել հասարակական առումով, Բրյուսելում տարբեր կազմակերպությունների շրջանում հայամետ մոտեցումներն ավելի գերակշռող էին»,-ասաց Պետո Դեմիրճյանը: Նրա խոսքով, Արցախի հարցը միշտ Հայ դատի գրասենյակի համար առաջնահերթություն է եղել: Ամեն տարի Արցախի մասին տեղեկատվական միջոցառումեր են իրականացվում: Այս տարի մինչև հուլիս Արցախի հարցի հետ կապված մի քանի կարևոր ձեռնարկների մասին կխոսվի:
Պետո Դեմիրճյանը նշեց, որ Բրյուսելը նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախին: Արդեն մի խմբաքանակ փոխանցվել է, հանգանակությունները շարունակվում են:
«Բրուսելն առաջին արագ արձագանքողն էր, գործող հայկական կազմակերպությունները համախմբվեցին, Արցախի օգտին դրամահավաք նախաձեռնեցին: Այդ աշխատանքներն ավարտված չեն: Մայիս 8-ին Բելգիայում հայկական կառույցները Շուշիի ազատագրման առթիվ պարահանդես-միջոցառում են անցկացնելու, որի ընթացքում կլինի հանգանակություն և այդ ընթացքում ստացված հասույթը փոխանցվելու է Արցախին»,-ասաց Պետո Դեմիրճյանը: