Բաժիններ՝

600 հազար դրամ տուգանք՝ երկու անձի փոխարեն քվեարկելու համար. հանձնաժողովի անդամը մեղավոր է ճանաչվել

2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում 2 անձանց փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող հանձնաժողովի կին անդամը դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել: Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կնոջ նկատմամբ որպես պատիժ է նշանակվել՝ 600 հազար դրամ տուգանք:

Ա. Աթայանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ «նա հանդիսանալով 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին» հանրաքվեի Երևանում տեղակայված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, այլ անձանց փոխարեն քվեարկելու ուղղակի դիտավորությամբ, հիշյալ տեղամասում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակը պարունակող մատյանում, 2 անձանց տվյալների դիմաց գիտակցաբար գրառել է նույնականացման քարտերի մտացածին կեղծ տվյալներ, որոնց դիմաց ստորագրել և կնիքել է իրեն հատկացված կնիքի դրոշմով, ապա երկու քվեաթերթիկները գցել է քվեատուփի մեջ` այդ կերպ քվեարկելով այլ անձանց փոխարեն»:

Մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Ա. Աթայանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, և հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը որոշել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:

Դատարանն ամբաստանյալ Ա. Աթայանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել այն, որ նա նախկինում դատված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, բնութագրվում է դրական:  Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել:

Դատարանը հանգել է հետևության, որ նրա նկատմամբ առավել մեղմ` տուգանք պատժատեսակի նշանակումը բավարար է նրան ուղղելու, նոր հանցանքի կատարումը կանխելու և սոցիալական արդարությունը վերականգնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս